Ուսումնասիրություն Թումանյանի տարածաշրջանի բնակչության ֆիզիկական և հոգեկան առողջության վերաբերյալ
ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանը արդեն երկար տարիներ գտնվում է լեռնահանքարդյունաբերական գործունեության ազդեցության տակ:
Ինչպես տեղեկացնում է «Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, դրա արդյունքում խաթարվել է տարածաշրջանի բնակչության թե՛ ֆիզիկական , և թե՛ բարոյահոգեբանական վիճակը։
«Բնակչությունը, հանգելով տարբեր սոցիալական խնդիրների, մշտապես բողոքում է հանքարդյունաբերական գործունեության աղտոտման հետևանքով իրենց առողջությանը և շրջակա միջավայրին հասցված վնասներից և բացասական ազդեցություներից։ Այդ պատճառով հայաստանյան Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ն և ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ-ի և չեխական քիմիական անվտագության Առնիկա ՀԿ-ի հետ համատեղ որոշեցին իրականացնել Թումանյանի տարածաշրջանի բնակչության ֆիզիկական և հոգեբանական վիճակի ուսումնասիրություն և վերլուծություն՝ գնահատելու համար Թումանյանի տարածաշրջանի բնակիչների ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակը։ Գնահատման արդյունքները կօգտագործվեն հանքարդյունաբերական ազդակիր համայնքների բնակիչների առողջության պահպանմանը և հիվանդությունների ռիսկերի կանխարգելմանն ու հետևանքների վերացմանը։
Սույն հետազոտությունը իրականացվել է «Թումանյանի տարածաշրջանում աղտոտվածության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացում» ծրագրի շրջանակներում ՝ չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:
Ուսումնասիրության նպատակն էր՝ բացահայտել Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի, Շնող, Ախթալա, Թեղուտ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Շամլուղ, Աքորի, Հագվի, Մղարթ, Կաճաճկուտ բնակավայրերի բնակիչների ընդհանուր ֆիզիկական, առողջական և բարոյահոգեբանական վիճակը և կարիքները։ Ուսումնասիրությունն իրականացվել է հարցումների միջոցով, որոնց մասնակցել են 18-ից ցածր, 19-29, 30-45, 46-60 և 60-ից բարձր տարիքային խմբերի արական և իգական սեռի ներկայացուցիչներ։
Այսպիսով, հարցվածների գրեթե կեսը (48%) իրենց ֆիզիկական ընդհանուր վիճակը գնահատում է բավարար, 25%-ը՝ միջին, իսկ 25%-ը գոհ չեն իրենց առողջական վիճակից։
Տարիքային բաշխման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 19-ից 29 տարեկան մարդիկ բողոքում են լյարդի և երիկամների հետ կապված խնդիրներից, արյան ճնշումից, ալերգիկ ռեակցիաներից և ավելի պակաս տոկոսով՝ սրտանոթային հիվանդություններից: 30-45 տարեկանների շրջանում տարածված են շաքարային դիաբետի և շնչառական հիվանդությունների հետ կապված խնդիրները։ 46-60 տարեկանների շրջանում հիմնական գանգատները վերաբերում են սրտանոթային հիվանդություններին։ Իսկ 60 տարեկանից բարձր՝ սրտանոթային հիվանդություններ, լյարդի և երիկամների հետ կապված խնդիրներ, քաղցկեղ, շնչառական հիվանդություններ։
Բնակիչները հիվանդությունների առաջացումը կապում են սթրեսի, ծանր աշխատանքի և սննդի որակի հետ։ Հարցվածների միայն 15%-ը, ովքեր բուժում են անցնում բուժհաստատություններում, կապել են հիվանդությունների զարգացումը շրջակա միջավայրի վիճակի հետ, բայց ոչ մի դեպքում այդ նկատառումները չեն արձանագրվել բժշկական փաստաթղթերում:
Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական վիճակին, ապա հարցվածների մեծ մասը՝ 88%-ը, պատասխանել է, որ աշխատանքի ընթացքում բարոյահոգեբանական որևէ սահմանափակման չի հանդիպում։ Հարցվածների միայն 12%-ն է նշել, որ իրենց հուզական վիճակը հաճախ կամ ժամանակ առ ժամանակ ազդում է աշխատանքի որակի վրա։
Սույն ուսումնասիրությունը իրականացվել է «Թումանյանի տարածաշրջանում աղտոտվածության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացում» ծրագրի շրջանակներում ՝ չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում»,- նշված է հաղորդագրությունում: