Թշնամու որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահին տեսանելի չեն. Ասկերանի վարչակազմի ղեկավար
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
«Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին Խրամորթի ուղղությամբ ռազմական ուժեր է կուտակել, Ասկերանի վարչակազմի ղեկավարը նշել է. «Որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահի դրությամբ տեսանելի չեն: Պաշտպանության բանակը, բնականաբար, հետևում է օպերատիվ իրավիճակին, ձեռք է առնում նախազգուշական միջոցներ և, ըստ կարիքի, ավելի մանրամասն տեղեկատվություն կտա պաշտպանության նախարարությունը»:
«Ինչ վերաբերում է տարհանման մասին լուրերին, ապա կազմակերպված տարհանում չի իրականացվել, այդ մասին լուրերը սխալ են: Այո, որոշ ընտանիքներ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել, բայց բնակիչներն այս պահին իրենց տներում են, գյուղը շարունակում է ապրել»,- ասել է Համլետ Ապրեսյանը և ավելացրել, որ Խրամորթի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում` ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, և գործադրվում են բոլոր ջանքերը խնդրին խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալու համար:
Հիշեցնենք՝ այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին 15 անգամ ականանետ է կիրառել Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա. Արցախի ՊԲ
- ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա. Տիգրան Աբրահամյան
- Խրամորթի հատվածում թշնամին կրկին խախտել է հրադադարը. ԱՀ ՊԲ
- Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղը
- Թշնամուն հաղթանակ է նվիրվել, դրա համար էլ ինքնավստահ է դարձել ու նման պահվածք է դրսևորում. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան