Փլուզված է ՀՀ անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները. ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողով
Փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։
ՀՅԴ պաշտոնական կայքի համաձայն, ժողովը արձանագրել է, որ.
• Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։
• ՀՀ Իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին և ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։
• ՀՀ Իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով և ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։
• Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման և հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից և հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու և ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։
• Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանությունները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ.
• Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։
• Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։
• Սփիյուռքը իբրև գլխավորաբար Հայոց Ցեղասպանության ծնունդ, Արևմտահայաստանի կորուստի արդյունք և արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման և համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։
• Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի և համայն հայության օրինավոր և անժամանցելի իրավունքների:
• Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների և ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։
• ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։
• ՀՅԴ-ն հավատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված Համահայկական Հռչակագրերին։
• Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը:
ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով և համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ նորընտիր Բյուրոյի կազմը
- ՀՀ պարտված իշխանություններն ամեն տեսակի զիջումների պատրաստ են. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ
- Իշխան Սաղաթելյան. Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է