ՀՖՖ-ն մտադիր է հրաժեշտի խաղ կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադրություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար:
ՀՖՖ-ից հայտնել են, որ ֆեդերացիան ցանկություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի համար, սակայն ժամկետների հետ կապված դեռևս ոչ մի հստակություն չկա:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնել էր հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին.«Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի:
Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա:
Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։
Հաջողություններ իմ ազգային հավաքականին!»։
Ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշմումը մեծ քննարկումների առիթ էր դարձել։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասել էր.«Վստահ եմ՝ Մխիթարյանը կայացրել է կշռադատված որոշում, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով: Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար»։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ևս անդրադարձել է Մխիթարյանի հայտարարությանը.«Այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ»։
ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ ասել էր. «Հենրիխ Մխիթարյանի որոշումով և հեռանալով՝ հայկական ֆուտբոլի մի ամբողջ դարաշրջան գրեթե ավարտվեց, էջ փակվեց: Դա 2008 թվականից սկսած հավաքականն էր: Նա մեծ դերակատարում ուներ այդ հավաքականում, առաջիններից էր և առաջատարներից: Հիմա սերնդափոխություն է ազգային հավաքականում՝ նոր անուններ, նոր դեմքեր:
Շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, բայց ես միշտ ասում եմ, որ ֆուտբոլում միայն տաղանդը քիչ է. ֆուտբոլիստը պետք է լինի նաև այնպիսին, ինչպիսին, շատ հեռու չգնամ՝ Հենրիխ Մխիթարյանն է: Հենրիխի ամենամեծ տաղանդը նրա մենթալիտետն է:
Կրկնվեմ՝ այն, ինչ ինքն է արել հայկական ֆուտբոլի, Հայաստանի համար, անգնահատելի է: Հաջողություն եմ մաղթում Մխիթարյանին հետագա ակումբային կարիերայում»։
Ուշագրավ էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի մեկնբանությունը.«Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի կողքին չկանգնեցին այն ժամանակ, երբ հավաքականի պարտությունների մեղադարանքները միայն նրա հասցեին էին հնչում:
Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում, երբ մեր թիմը պարտվում էր 0:5 հաշվով: Տպավորություն էր, թե պաշտպանը միայն Հենոն էր:
Ցավալի է, որ պարտություններից հետո ոչ ֆեդերացիան, ոչ տնօրինությունը չէին կանգնում Հենոյի թիկունքին, չէին ասում՝ մենք բոլորս ենք պարտվել, ինչո՞ւ եք մեղադրում միայն Մխիթարյանին: Այս ամենն իր ազդեցությունը թողել է, այդ պատճառով էլ Հենրիխ Մխիթարյան հեռանում է:
Եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այպիսի որոշում, իմ կարծիքով, չէր լինի: Ամեն ինչ նրանից է եկել, որ ինքն իրեն «կոմֆորտ» չէր զգում մեր հավաքականում: Ոչ թե տղաների վերաբերմունքից, այլ կողքի. անընդհատ մեղադրանքներ, իսկ թիկունքին ոչ ոք չէր կանգնում, չէր բարձրաձայնում, որ 0:5 պարտությունը Հենոյի մեղավորությունը չի:
Եթե ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվում է և 20 ֆուտբոլիստից մեղադրվում է միայն կիսապաշտպանը, դա աննորմալ է: Չէ՞ որ ամբողջ թիմն է պարտվում: Խնդիրը, մեծամասամբ, պաշտպանությունում է. ուրեմն վատ են պաշտպանվել: Բայց պաշտպաններին էլ պետք չի մեղադրել հավաքականի պարտություններում:
Յուրաքանչյուր պարտությունում բոլորն են մեղավոր: Այդ դեպքում՝ ինչպե՞ս է ստացվում, որ հաղթանակների ժամանակ ազգային հավաքականն է հաղթում, ասում են՝ հավաքականը հաղթեց. մոռանում են՝ ով էր գոլեր խփում, գոլային փոխանցումներ անում: Հենց պարտվում էր թիմը, մի հոգու էին թիրախավորում: Այս ամենն, ի վերջո, ազդեցություն ունեցավ և նա հիասթափվեց, չի ուզում գա, որովհետև այդ նեգատիվը զգում է, թե ինչ է կատարվում»:
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նրա դեբյուտը հավաքականում կայացել է 2007 թվականի հունվարին: Մխիթարյանը հանդես է եկել Եվրոպայի լավագույն լիգաներում: Նա եղել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ: Նա 2017 թվականի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպայի լիգայի եզրափակիչում գոլի է խփել՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։
Հարակից հրապարակումներ`
- «Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում»
- Կապառոս. Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան ուղղակի ֆուտբոլիստ
- Որոշել եմ ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս. Հենրիխ Մխիթարյան
- «Ծնունդդ շնորհավո՛ր, Հենո՛»