ՄՊՀ-ն վարույթ չի հարուցի ձուն առաջինն էժանացրած ընկերությունների նկատմամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել է մերժել ձու արտադրող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» և «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունների կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին հանձնաժողովից։
Հիշեցնենք, որ ձվի շուկայում գնանկման հետևանքով հանձնաժողովին էր դիմել «Աշտարակ ձու» ընկերությունը՝ գնի իջեցումները որակելով անհասկանալի և տեղի ունեցածում տեսնելով դեմպինգային հատկանիշներ։ Ընկերությունը հանձնաժողովին խնդրել էր պարզել գնի իջեցման իրավաչափությունը և իրավախախտման դեպքում համապատասխան տնտեսվարողներին ենթարկել պատասխանատվության։
Հանձնաժողովն իրականացրել է ապրանքային շուկայի ուսումնասիրություն՝ ընդգրկելով 2021 թ. հուլիսի 1-ից մինչև 2022 թ. փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածը։
Արդյունքում պարզվել է, որ գնի իջեցումն առաջինն իրականացրել է «Շիրակ» ապրանքանիշով ձու արտադրող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը՝ ձուն էժանացնելով 48 տոկոսով։ Ավելի ուշ նրան միացել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը՝ գինն իջեցնելով 55 տոկոսով։ Ավելի ուշ 22 և 29 տոկոսով ձուն էժանացրել են համապատասխանաբար «Արաքս թռչնաֆաբրիկա» ու «Աշտարակ ձու» ընկերությունները։
Հանձնաժողովը պարզել է, որ վերջին երկու ընկերություններն ունեցել են սպառման ծավալների նվազում, ինչի հետևանքով դիմել են գնի իջեցման։
Ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը պարզել է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը չունի գերիշխող դիրք, իսկ «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունն իրացման ծավալներով զբաղեցնում է երրորդ տեղը՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ու «Աշտարակ ձու» ընկերություններից հետո։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արաքս թռչնաֆաբրիկա» և «Աշտարակ Ձու» ընկերություններն իրենց վարքագծով պատճառ չեն հանդիսացել ապրանքային շուկայում զանգվածային գնիջեցումներին, այլ որոշ ժամանականց հետևել են արդեն իսկ առկա գնիջեցմանը՝ հաշվի առնելով իրացրած հավի ձվի ծավալների նվազումը, ուստի «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության գերիշխող դիրքի առկայության հարցը չի քննարկվում, քանի որ շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտների կողմից, իրավախախտման փաստի բացակայության պայմաններում իրացման ծավալներով երրորդ հորիզոնականը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտը չէր կարող շուկայում զանգվածային գնիջեցումների պատճառ հանդիսանալ։
Հանձնաժողովն ուսումնասիրության շրջանականերում «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» և «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունների մասնակցությամբ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ փաստեր չի հայտնաբերել։
Հանձնաժողովը որոշեց մերժել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» և «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունների կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարցումը»,-ասված է հանձնաժողովի որոշման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Երևի սկսենք ավելի շատ ձու սպառել. Ձվի գինը բարձրացնելու Փաշինյանի բանաձևը
- ՄՊՀ-ն արձագանքել է Panorama.am-ի՝ ձվի շուկայում հնարավոր դեմպինգի մասին հրապարակմանը
- ՍԱՏՄ. Այս տարի Հայաստան ձու չի ներկրվել
- Խայտառակ վիճակ ձվի շուկայում. Տնտեսվարողները փակման վտանգի առաջ են, ՄՊՀ-ն՝ լուռ