Նիկոլ Փաշինյան. Հույս ունեմ, համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել
«Ուրախ ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման հավակնոտ ծրագրի գաղափարով, և կցանկանայի հաստատել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է նպաստելու այդ կարևոր նախաձեռնության իրականացմանը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին:
Կառավարության փոխանցմամբ, համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Շարունակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է.
«Շնորհակալ ենք Ֆրանսիային նաև հայկական հաջողությունները կիսելու համար. նորարարական կրթության ոլորտում համագործակցության փայլուն օրինակ ու Հայաստանի համար ոգևորիչ են Փարիզում և վերջերս Լիոնում բացված Թումո կենտրոնները:
Չեմ կարող չանդրադառնալ 44-օրյա պատերազմին և այդ օրերին Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը հայ ժողովրդի հետ։ Մասնավորապես՝ կցանկանայի հիշեցնել, որ նախագահ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ ու անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին։ Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունված բանաձևերում։
Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի բարձր գնահատականը Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան