Դավութօղլուն կառավարության ծրագրում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցումը շարունակում է արտաքին քաղաքական գերակայությունը լինել, որը որպես ռազմավարական նպատակ՝ ոչ թե այլընտրանք է դիտվում արտաքին քաղաքականության այլ ուղղություններին, այլ լրացնող և ամբողջացնող գործոն:
Ըստ այդ ծրագրի՝ Թուրքիան շարունակելու է տեսլականի վրա հիմնված բազմաշերտ ու բազմակողմ արտաքին քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում ու ուղղություններով: Արտաքին քաղաքական առաջնահերթություններից է բանակցային ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի կարգավորումը և միջազգային հանրության շարքում Կիպրոսի թուրք ժողովրդի իրավունքների ամրագրումը:
Կարևորվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ազդեցիկ ու բազմակողմ քաղաքականությունը, տարածաշրջանում հակամարտությունների ու ճգնաժամերի լուծման ուղղությամբ ջանքերի գործադրումը, Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման, Իրաքում քաղաքական կայունության և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերի շարունակումը: Թուրքիայի արտաքին քաղքաքականության ուշադրության կենտրոնում են ինչպես ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի թաթարների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլերը, այնպես էլ Բալկաններում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ջանքերը:
Շարունակվելու են դաշնակից ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների հարցով փոխադարձ շահերի ու վստահության մթնոլորտում համագործակցությունը: Ռուսաստանը դիտվում է որպես «կարևոր գործընկեր և տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից կարևոր դերակատար, ում հետ հարաբերությունների դինամիկան կապվածէ լայն աշխարհագրության հետ, որի կենտրոնում գտնվում է Թուրքիան:
Կառավարության ծրագրում ասված է. «Թուրքիան ջանքեր է գործադրելու առաջիկա ժամանակաշրջանում Ռուսաստանի հետ հատկապես էներգետիկ և տնտեսական ոլորտում փոխադարձ զգայունությունների հարգման ու համատեղ շահերի վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:
Ծրագրում նշվել է նաև Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության մասին: Ըստ դրա՝ «Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «գրավմանը» վերջ տալու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թոթափման ուղղությամբ։
Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։ Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ շահերի և համագործակցության կայացմանը միտված բազմակողմ քայլերի պատրաստակամություն, արդար հիշողության հայեցակարգին չհակասող, պատմական ուսումնասիրության վրա հիմնված հեռատեսություն մեր նախաձեռնություններին ընդառաջ։ Կովկասում խաղաղության, կայունության ու բարօրության մթնոլորտի հաստատումը հնարավոր է միայն այդ ճանապարհով»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան