Ավանեսյան. Մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում
Հանրային սննդի օբյեկտներում աղամանի առկայությունը սեղանի վրա արգելքը պետք է դիտարկել առողջության պահպանման քաղաքականության շրջանակում։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը նախագիծ է դրել քննարկման «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա` առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման։
«Ընդհանրապես, մեր նախարարությունն էլ առողջապահության նախարարություն է, մեր շեշտադրումներն ու ուղղվածությունը պետք է մի փոքր շեղենք առողջությունը պահպանելու, կանխարգելելու, հիվանդությունները վաղ հայտնաբերելու, դրանց դեմ արդյունավետ պայքարելու առումով»,- ասաց նախարարը։
Ա Ավանեսյանի խոսքով, իրենք որոշակի առաջարկներ են ներկայացնում հիմնված հետազոտությունների վրա։
«Մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման, խրոնիկական հիվանդությունների վիճակի վատթարացման, և մենք պետք է հստակ որոշակի վարքագծային փոփոխություններ մտցնենք, որպեսզի մեր առողջությունը պահպանենք։ Մեր քաղացքիաները, ըստ սովորության, առանց ճաշի համը փորձելու աղամանը տեսնելով աղ են ավելացնում։
Հարցն այստեղ չափաբաժնի պակասեցմանն է վերաբերում, ոչ թե մեր ռացիոնից ընդհանրապես աղի հանելուն։ Համարվում է, որ օրական 5 գրամ աղը բավարար է յոդի, մեր օրգանիզմին մնացած անհրաժեշտ պաշարները հագեցնելու համար։ Դրանից ավելին հանգեցնում է որոշակի հիվանդությունների առաջացմանը, սրացմանն ու խնդիրների»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ էլ չափի մեջ օգտակար է, անհրաժեշտ է, հարցը վերաբերում է դրանց չարաշահմանը։
Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ քննարկումներ կունենան ռեստորանային համակարգի ներկայացուցիչների, սպառողների շահերի պաշտպանողների, սննդաբանների, հանրային առողջության մասնագետների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Սննդագետ. Աղամանի արգելքին հաջորդած ծաղր ու ծանակի մեղավորը առողջապահության նախարարությունն է
- Սեղանին աղ դնելու համար սրճարանները կտուգանվեն 30 հազար դրամով. ԱՆ-ն է առաջարկում