
Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահը։
«Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ. մասնավորապես, Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից:
Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը: Հավաստիացնում եմ, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը: Ուստի, հորդորում եմ բոլորին պահպանել հանգստություն, զերծ մնալ իրավիճակի ավելորդ լարումից և անպատասխանատու գործողություններից»,- ասել է նախագահ Հարությունյանը։