Հայաստանի ահագնացող խնդիրներից է պետության կուսակցականացումը. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Հայաստանի ահագնացող խնդիրներից է պետության կուսակցականացումը:
Ամեն ինչ կենտրոնացած է Կառավարության, բայց փաստացի մեկ` կառավարող կուսակցության ձեռքում: Տապալված է ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ` այդ կառավարմանը հակակշիռների համակարգը:
Պետական ինստիտուտները փաստացի ծառայեցվում են այդ մեկ կուսակցության շահերին և հակառակը` կուսակցության ազդեցությունը մեծացնելու համար օգտագործվում են պետական ինստիտուտները:
Արժեզրկվում են Կառավարությունից անկախ ու քաղաքականությունից վեր կանգնած պետական ինստիտուտները:
Արժեզրկվեց Հանրապետության նախագահի ինստիտուտը:
Նախ, կառավարող կուսակցությունով առաջադրեցին ու Կառավարության նիստին կուսակցականներով գովեցին, իսկ հետո ԱԺ-ում իրենք իրենցով` կուսակցականներով հավաքվեցին, թեկնածուին նորից գովեցին, մեծարեցին, իրենք իրենց ծափահարեցին ու իրենք իրենցով էլ միաձայն ընտրեցին Նախագահի պաշտոնում:
Ընտրեցին այնպիսի մարդու, ով նախարար է աշխատել իրեն առաջադրած, գովերգած ու ընտրած կուսակցության ղեկավարի ենթակայությամբ: ԱԺ-ում էլ Հանրապետության նախագահի թեկնածուի օգտին քվեարկեցին մարդիկ, ովքեր թեև զբաղեցնում են պատգամավորի պաշտոն, բայց չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն, քանի որ փաստացի աշխատում են այդ նույն կուսակցության ղեկավարի ենթակայությամբ:
Արդյունքում` բոլորով փաստացի թաքնվեցին այն ֆորմալ պահանջի տակ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտն ապաքաղաքական է ու այդ կերպ արեցին Նախագահի թեկնածուի միակուսակցական ընտրության չստացված փորձ:
Չեղավ որևէ համահայկական կոնսուլտացիա կամ հանդիպում` Սփյուռքի ներգրավմամբ, տեղի չունեցան պետության գլխի համար առաջադրված թեկնածուի տեսլականի ու ծրագրերի հանրային քննարկումներ Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում
ԱԺ-ում էլ իր ընտրության ողջ գործընթացում թեկնածուն միայն գովերգում էր Կառավարության քաղաքական որոշումներն ու արարքները:
Հիմա օրինակի համար ընդամենը 1 հարց` ինչպե՞ս Հանրապետության նախագահի պաշտոնում նման պայմաններով ընտրված մարդը կհակադրվի կուսակցության քաղաքական գծին և, ասենք, Սահմանադրական դատարան կտանի այնպիսի օրենք, որը քաղաքական որոշման արդյունքում հենց այդ կուսակցությունն էլ քվերակել ու ընդունել է»։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին
- «Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը լինելու է կողմնակալ նախագահ ՔՊ-ականների սրտով, նա ևս չի պաշտոնավարի իր ամբողջ ժամանակով
- Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի նախագահ
- Վահագն Խաչատուրյանին ՔՊ-ն կընտրի երկրորդ անգամ
- Ես քաղաքական գնատականներ չեմ տալու. Վահագն Խաչատուրյան
- Վահագն Խաչատուրյանը չընտրվեց Հանրապետության նախագահի պաշտոնում
- Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
- Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Փաշինյանի որոշումները դակող նախագահ. Ագնես Խամոյան