Կոպիտ հաշվարկներով 10 անգամ նվազել է վարչապետի լայվ ելույթների լսարանը. Բորիս Նավասարդյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներքո իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում այսօր հրավիրվել էր «Ապատեղեկատվության մարտահրավերները և դրա դեմ պայքարելու գործիքակազմ և միջոցները» խորագրով համաժողովը:
Panorama.am-ը ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմների վերաբերյալ հարցեր ուղղեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին:
Panorama.am- Ըստ Ձեզ, ի՞նչ արդյունավետ գործիքակազմ կարելի է կիրառել ապատեղեկատվական հոսքերը նվազեցնելու, նրանց ազդեցությունը հասարակական-քաղաքական, ինչու ոչ՝ նաև աշխարհաքաղաքական գործընթացների վրա նվազեցնելու համար:
Բորիս Նավասարդյան- Եթե խոսում ենք սոցիալական մեդիայում ապատեղեկատվությունից, ապա դրա դեմ միակ պայքարի արդյունավետ միջոցը պրոֆեսիոնալ լրատվամիջոցների որակի բարձրացումն է, որպեսզի լսարանի մեծ մասն օգտվի վստահելի, որակյալ աղբյուրներից: Սոցիալական ցանցերի դեպքում արգելքները, ցավոք չեն կարող աշխատել, և միայն այնպիսի հզոր պետություններ, ինչպիսին է Չինաստանը, կարողանում են արգելափակումների միջոցով սահմանափակել տեղեկությունների հոսքը, բայց մեր նման երկրում այն հնարավոր չէ, և մենք ուղղակի պետք է որակյալ այլընտրանք առաջարկենք:
Ինչ վերաբերում է ընդհանրապես ապատեղեկատվության դեմ պայքարին, ապա դրա դեմ տարբեր միջոցներ կարող են լինել՝ և՛ օրենսդրական մակարդակով կարելի է հստակեցնել այն շրջանակները, որոնցում պետք է գործեն լրատվամիջոցները, և՛ խրախուսման որոշակի մեթոդներ պետք է օգտագործել, որպեսզի լրատվամիջոցները շահագրգռված լինեն պահպանել ժուռնալիստական էթիկայի կանոնները, որպեսզի նրանք կենտրոնանան հանրության համար օգտակար տեղեկատվության տարածման վրա՝ հնարավորինս թույլ չտալով իրադարձությունների լուսաբանմանը վնաս հասցնել:
Ես սիրահար եմ ինքնակարգավորման մեխանիզմներին, որպեսզի լրատվամիջոցները, մտածելով իրենց համբավի մասին, իրենց նկատմամբ հանրության վստահության մասին ստորագրեն պրոֆեսիոնալ ժոռնալիստիկայի նորմերի շուրջ փաստաթուղթ և ունենան մարմիններ, որոնց լիազորեն հետևելու այդ կանոններին հավատարիմ մնալը: Այն կարող է լինել առանձին լրատվամիջոցի օմբուդսմենը, կամ միասնական մամուլի խորհուրդը, կամ ինչպես մեզ մոտ էքսպերիմենտալ ձևով լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինն է:
Եթե այս համակարգը սկսի աշխատել և հանրության համար հասկանալի ու մատչելի լինի, ապա կարծում եմ հանրության պահանջարկի և լրատվամիջոցների հետ այդ պահանջարկի որակյալ ապահովման կապն աշխատելու է: Վերջապես, մենք այսօր շատ ենք խոսում մեդիագրագիտության մասին: Նույնիսկ եթե մենք չենք կարողանում արգելափակել ապատեղեկատվության տարածումը, իսկ մենք չենք կարող այն անել, ապա գոնե պետք է այնպես անենք, որ սպառողները կարողանան հասկանալ, թե որ դեպքում նրանք գործ ունեն վստահելի տեղեկությունների հետ, որ դեպքում՝ ոչ: Դրա մեխանիզմները շատ կոնկրետ են և ցանկալի է, որ մեր հանությունն այդ մեխանիզմներին ծանոթանա սկսած դպրոցական տարիներից:
Այսպիսով, ապատեղեկատվության դեմ պայքարը տարբեր ուղղություններով համալիր քաղաքականություն պետք է ենթադրի և մենք հիմա աշխատում ենք, որպեսզի ՀՀ կառավարությանը ներկայացնենք այդ խնդիրների հայեցակարգային մոտեցումները, տեսնենք ինչպես է ստացվելու:
Panorama.am- Մեր օրերում ողջ աշխարհում, նաև Հայաստանում պետությունների առաջին դեմքերը դարձել են տեղեկատվական հոսքերի հիմնական աղբյուրը: Նրանց դերը կտրուկ աճում է արտակարգ իրավիճակներում և պատերազմների ժամանակ: Երևանի մամուլի ակումբն ունի՞ դիտարկումներ, թե ինչպես է այն ազդում մեր հասարակության վրա: Այդ աղբյուրից եկող տեղեկատվության բնույթը, կամ հասարակության կողմից ակնկալվող կարևորագույն տեղեկությունների ուշացումները, կամ ոչ միանշանակ ներկայացումն ապատեղեկատվության հոսքի ավելացմանը չի՞ նպաստում:
Բորիս Նավասարդյան- Խորը ուսումնասիրություն չի եղել, բայց այդ խնդրի առանձին բաղադրիչներ փորձում ենք ուսումնասիրել: Մենք տեսնում ենք, թե ինչպես 2018 թ. հեղափոխությունից անմիջապես հետո քաղաքական առաջին դեմքերը կարողանում էին տիրապետել տեղեկատվական դաշտին, այսինքն՝ իրենց կենդանի ելույթները սոցիալական ցանցերում հավաքում էին այնպիսի մեծ լսրարան, որը նույնիսկ ավելի կարևոր էր, քան լրատվամիջոցի գործունեությունը՝ հենց լսարանի չափի առումով: Բայց այն չէր կարող մշտապես լինել, վաղ թե ուշ այդ հաղորդակցությունը մտնում է ճգաժամի մեջ և այն մենք տեսանք:
Կոպիտ հաշվարկներով՝ 10 անգամ նվազել է վարչապետի լայվ ելույթների լսարանը և դա խոսում է այն մասին, որ մարդիկ ավելի մանրամասն, ավելի կոնկրետ տեղեկություններ են ուզում լսել, այլ ոչ թե կարգախոսներ, որովհետև քաղաքական գործիչներն, ամեն դեպքում, խոսում են կարգախոսների լեզվով, բայց մարդկանց հետաքրքրում են կոնկրետ հարցեր, կոնկրետ խնդիրների լուծման հնարավորություններ և փաստորեն տեղի է ունենում վերադարձ զանգվածային լրատվամիջոցներին:
Հաշվի առնելով, որ սոցիալական մեդիան մեծ դեր է խաղում մեր կյանքում, ապա այդ տեղեկությունների տարածումը սոցիալական մեդիայում, որը պրոֆեսիոնալների ձեռքում չէ, շարունակում է բավականին խնդրահարույց լինել: Բայց, ցավոք, մեդիան լինելով քաղաքականացված, չի կարողանում որակյալ այլընտրանք առաջարկել: Բոլոր դեպքերում ցանկացած երկրում պետք է լինի լրատվամիջոցների երևացող շերտ, որը որևէ քաղաքական ճամբարին չի ենթարկվի և կարող են վայելել ամբողջ հանրության վստահությունը: Սա է երևի հիմնական խնդիրը, որը պետք է փորձի լուծել պետությունը, քաղաքացիական հասարակությունը և ամբողջ մեդիա հանրությունը:
Այդ տարբեր ինստիտուտների կապը մեզ մոտ, կարծես թե, կտրված է՝ կառավարությունն իր նեղ քաղաքական խնդիրներն է լուծում՝ նույնիսկ եթե անդրադառնում է մեր մեդիա հարցերին, լրագրողները, ուզած-չուզած, գործում են այն ճամբարի շահերի և քաղաքական հետաքրքրությունների ներքո, որտեղ աշխատում են, քաղաքացիական հասարակությունն էլ չունի այն լծակները և լավ մշակված գաղափարները, որպեսզի այդ խնդիրներին լուծումներ տա և մենք փորձում ենք քննարկումների, ուսումնասիրությունների միջոցով համատեղել ուժերը, որովհետև կարծում եմ, բոլորին հասկանալի է, որ արցախյան և ռուս-ուկրաինական պատերազմը հուշում են, թե այս տեղեկատվության հոսքերը ինչպիսի լուրջ վնաս կարող են հասցնել, եթե չեն հետևում հանրային շահը բավարարելու նպատակին:
Զրուցեց Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Պետական գերատեսչություններն իրենց ուղղված հարցումներին արդեն հարցերով են պատասխանում. Շուշան Դոյդոյան
- Որոշ կառավարություններ ապատեղեկատվություն տարածելու կեղծ մեղադրանքներով հալածում են լրագրողների. Ռիբեյրոն՝ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան