Լորիսի Ճգնավորյանի որդին կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին (ծնվ.՝ 1995 թվականի ապրիլի 22) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը։ Այն չզեկուցվող հարցերից է։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Էմմանուել Լորիսի Ճգնավորյանը այսօր միջազգային առաջատար երաժշտական հարթակների ամենից պահանջված երաժիշտներից է:
Նա ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 24-ի N 281-Ա որոշմամբ սատցել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Տարկետում ստանալուց հետո Էմմանուել Ճգնավորյանը շարունակել է իր գործունեությունը: Radio Klassik Stephansdom-ը Ճգնավորյանին ճանաչել է որպես երաժշտության պերճախոս մեկնաբան: 2017-ից նշյալ ռադիոկայանում նա վարում էր իր «Der Klassik-Tjek» հաղորդումը:
«2021/22թթ. համերգաշրջանում նա ղեկավարելու է Գրացի ֆիլհարմոնիկ, Tonkünstler Orchestra, Հեյլբրոննի Württembergisches Kammerorchester, Լինցի Bruckner Orchestra և այլ նվագախմբեր:
2014-ից դիրիժորության դասեր է առել հորից՝ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանից, միաժամանակ վարպետության դասեր առնելով Անգլիայում և Իտալիայում: Ապագայում նա մտադրված է զբաղվել զուտ դիրիժորությամբ:
Որպես մենակատար ջութակահար Ճգնավորյանը մոտ ապագայում հանդես է գալու Filarmonica della Scala (դիրիժոր՝ Ռիկարդո Շայի), Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ (դիրիժոր՝ Յուրի Տեմիրկանով), Accademia Nazionale de Santa Cecilia (դիրիժոր՝ Սակարի Օրամո) և այլ նվագախմբերի հետ: Essen Philharmonic-ը 2021/22 համերգաշրջանում Էմմանուել Ճգնավորյանին է նվիրել «Արտիստի դիմանկարը» ծրագիրը, իսկ որպես մշտական հրավիրյալ արտիստ՝ «Artist in Association», Ճգնավորյանը հանդես է գալու Վյուրտեմբերգի կամերային նվագախմբի հետ։ …
Հաշվի առնելով երաժշտի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը, ինչպես նաև Հայաստանի երաժշտական ոլորտում նրա պահանջվածությունն ու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առաջարկում ենք Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշենք, որ այս տարվա փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել էին մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
Հարակից հրապարակումներ`
- Էմանուել Ճգնավորյանը Սիբելիուսի անվան մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին
- Էմանուել Ճգնավորյանն անցել է Սիբելիուսի անվան մրցույթի եզրափակիչ փուլ