«Անի» ընկերությունը դիմել է դատարան ընդդեմ Արթուր Դավթյանի ու Էրիկ Գրիգորյանի
2019 թվականին Բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն, ակնհայտ օրենքի խախտմամբ, վերանայել է «Անի» ՓԲԸ-ի 2017թ-ին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը և որոշում կայացրել այն անվավեր ճանաչելու մասին։ Այս մասին հայտարարել է ընկերության փաստաբան Հրանտ Անանյանը։
«Պատաճառաբանությունն այն է, թե իբր 2017թ-ին «Անի» ՓԲԸ-ն հայտի ներկայացման ժամանակ պետք է ներկայացներ ՇՄԱԳ փորձաքննություն, սակայն չի արել։ Եվ որոշել է անվավեր ճանաչել։ Մեր կողմից շատ արագ բողոքարկվել էր տվյալ որոշումը Վարչական դատարան, որը կիրառել էր հայցի ապահովման միջոց, ինչի արդյունքում նախարարի որոշումը չէր հասցրել ուժի մեջ մտնել»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ ուժի մեջ մտնելուց հետո ընկերությանը հասցվելու էր խոշոր չափերով վնաս։
Անանյանի խոսքով՝ ՀԷԿ-ը օրական մի քանի միլիոն դրամի էլեկտրաէներգիա է արտադրում, հետևաբար՝ նաև հարկային պարտավորություններ կատարում պետության հանդեպ։
«Դատական տարբեր ատյանների արդյունքում դատարանները վճռել են, որ Էրիկ Գրիգորյանը գործել է ապօրինի, քանի որ օրենքով նման պահանջ չկա։ Դատական ատյաններից հետո ընկերությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ նկարագրելով Էրիկ Գրիգորյանի գործողությունները․ այսինքն՝ հետայսու նմանատիպ խախտումները կանխելու, արդարության սկզբունքը պահպանելու, կամայականությունները բացառելու համար հաղորդում ենք ներկայացրել՝ կցելով նաև մասնագիտացված դատարանների դատական ակտերը»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, գլխավոր դատախազությունն այն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե, իսկ վերջինն էլ պատասխանել է, որ փաստաբանի ներկայացրած հաղորդումը չի պարունակում տվյալներ նախկին պաշտոնյայի չարաշահումների մասին։ Փաստաբանը համարում է, որ կոմիտեն անգործություն է դրսևորել, նույնսիկ քրեական գործ հարուցելու մասին որոշում չի կայացրել։
Փաստաբանն ասում է՝ վճռական են տրամադրված, քանի որ «Անի» ԲԲԸ-ի նկատմամբ մի քանի պետական ու իրավապահ մարմիններ միաժամանակ են սկսել հարձակումներ գործել, գործեր հարուցել, ինչը չի կարող պատահականություն լինել։ Փաստաբանը կարծում է, որ առնվազն մի աստիճան վերևի օղակից կա դիրքորոշում «Անի» ՀԷԿ-ի նկատմամբ։
Ընկերությունում չեն հասկանում, ինչու է դատախաությունը շեշտը դնում այս ընկերության վրա, դա կասկածներ է առաջացրել, որ գործել է խմբակային շահ։
Նշենք, որ այսօր ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում քննվել է էլեկտրաէներգիա արտադրող «Անի» ընկերության կողմից Բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի՝ 2019 թվականի հրամանի դեմ ներկայացված հայցը։
Մանրամասները՝ տեսանյությում։