Հակոբ Տեր-Խաչատուրյան. Փորձ է արվում պառակտումը տեղափոխել նաև Սփյուռք
«Մեր ժողովուրդն ամեն գնով պետք է թոթափի հուսահատությունը, պարտվածի հոգեբանությունը, վերագտնի վճռականությունը, քանի որ մեզ սպասում են նույնքան, եթե ոչ ավելի դժվար տարիներ, որոնք կարող են ճակատագրական լինել թե Հայաստանի, թե Արցախի համար»,-ասաց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկել և արժևորել են համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշել ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։
Հակոբ Տեր-Խաչատուրյանի ներկայացմամբ, Ընդհանուր ժողովը շեշտել է, որ այս իշխանությունների ապազգային քաղաքականությունը դժբախտաբար երկիրն առաջնորդել և շարունակում է առաջնորդել դեպի հավելյալ պառակտումներ։
«Պառակտումը ըստ երևույթին իշխանությունների քաղաքականության մաս է կազմում, փորձ է արվում այն տեղափոխել նաև Սփյուռք, որը շատ տխուր երևույթ է։ Մինչդեռ մենք համոզված ենք, որ այս հանգրվանը պահանջում է ամբողջական միասնություն, հայ ժողվրդի ուժերի ամբողջական լարում, որպեսզի կարողանանք դիմագրավել այն մեծ մարտահրավերներին, որոնք կցցվին մեր առջև»,-ասաց նա։
Նրա խոսքով, ապազգային մոտեցումները, ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, հայ եկեղեցու դերի նվաստացումը, կրթության, ուսուցման, պատմության հարցերի անտեսումը կարող են աղետալի հետևանքներ ունենալ, եթե այս իշխանություններն անմիջապես չանդրադառնանա այդ սխալին։
«Վերջիվերջո գոնե մեկ համահայկական նախաձեռնություն պետք է գա իշխանություններից։ Մենք պատրաստ ենք մեր բաժինն անելու և հայտարարել էինք, համահայական կառույցների, երկու կաթողիկոսությունների հետ միասին անհրաժեշտություն է ստեղծել այնպիսի կառույց, որը կամրապնդի Սյուռքի կառույցները, կցրի հիասթափության մթնոլորտը»,-ասաց բանախոսը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակեն ու գլխավոր դերակատարություն կունենան։
Հարակից հրապարակումներ`
- Փլուզված է ՀՀ անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները. ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողով
- ՀՅԴ նորընտիր Բյուրոյի կազմը
- ՀՀ պարտված իշխանություններն ամեն տեսակի զիջումների պատրաստ են. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ
- Իշխան Սաղաթելյան. Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է