Բակային մորթը շարունակվում է. Սպանդանոցների տերերը խնդրին լուծում են պահանջում
Սպանդանոցային մորթի գործընթացներում որոշակի անհարթություններ են առաջացել։ ՍԱՏՄ-ն դրանք պայմանավորում է արցախյան պատերազմով և covid 19-ի համավարակով։
Խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանը հանդիպել են սպանդանոցների ներկայացուցիչների հետ:
ՍԱՏՄ փոխանցմամբ, սպանդանոցների ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել սպանդանոցային ծագման մսեղիքն ուղեկցող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականի կեղծման, որոշ սպանդանոցների կողմից այն ապօրինաբար վաճառելու դեպքերի մասին, ինչպես նաև՝ որ անասնատերերը չեն դիմում սպանդանոցներին՝ շարունակնելով բակային մորթը:
Գեորգի Ավետիսյանը հստակեցրել է, որ այդ մեղադրանքները հնչեցվում են ոչ ճիշտ վայրում. ՍԱՏՄ-ն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին չէ, ձևաթղթի կեղծում-վաճառքը հանցագործություն է և խնդրի մասին պետք է տեղեկացնել իրավապահ մարմիններին: Իսկ անասնատերերի հետ հարաբերությունները պետք է կարգավորեն իրենք՝ սպանդանոցները, առաջարկելով ավելի գայթակղիչ պայմաններ և աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ, որպես իրավաբանական անձանց վերահսկող մարմին, մարտի 14-ից տեսչական մարմինն անցնելու է ավելի խստացված ստուգումների թե սպանդանոցներում, թե իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման մսիս-մսեղիքի վաճառքը:
«Պետք է հասկանաք, որ սպանդանոցներին մենք ընդունում ենք և իրենց հետ մեր հարաբերությունները պատկերացնում ենք որպես գործընկերային, քանի որ սպանդանոցային մորթի ամենաշահագրգռված կողմը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է»,- ասել է նա։
Նարեկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ այժմ փոփոխություններ են կատարվում ձև 5 փաստաթղթի տրամադրման էլեկտրոնային համակարգում, ինչի արդյունքում կբացառվի դրա կեղծումն ու վաճառքը. համակարգը կարձանագրի յուրաքանչյուր կենդանու մուտքը սպանդանոց, ինչը նշանակում է, որ մուտք չգործած երևակայական կենդանու իբր մորթի և մսեղիքի դուրսգրման 5-րդ ձև տրամադրել հնարավոր չի լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին