Ադրբեջանի նպատակն է Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը. ԱՀ ՄԻՊ
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակելի համայքների վրա ուղղակի կրակոցներն ահաբեկման գործողություններ են, հիմքում ունեն հայատյացության, էթիկ ու կրոնական հիմքով ատելության սիստեմատիկ, կառավարվող քաղաքականության դրսևորումներ։ «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց Հայաստանի Հանապետության Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նրա խոսքով, պետք է շատ միամիտ լինել ասելու, որ դրանք պատահականություններ են։
«Բազմաթիվ զեկույցներով և միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների, Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք առաքելություններով, վերլուծություններով, գրականությամբ ապացուցված է, որ ադրբեջանական պետության կողմից հայի նկատմամբ էթնիկ ատելության քաղաքականությունն ունի սիստեմատիկ բնույթ, դրանով կերակրվում է ադրբեջանական հասարակությունը։ Շատ դեպքերում դա էր, որ այս ընթացքում հանգեցրել է մի քանի պատերազմների, հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որն ուղեկցվել է հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, ինչը խրախուսվել է ադրբեջանական իշխանությունների կողմից։ Պետական հովանավորչությամբ հայատյացության և թշնամանքի քարոզն այսօր իրականում շատ վտանգավոր ու ծայրահեղ է, անգամ ֆաշիստական դրսևորումների է հասնում»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա ընդգծեց, որ իրենց ուսումնասիրությունները վկայում են՝ այս քաղաքականությունը երկու հենասյունի վրա է հիմնվում՝ էթնիկ և կրոնական։
Ք. Գրիգորյանը վերջին օրերի ադրբեջանական գործողությունները հանցավոր է որակել, որովհետև, ըստ նրա, այլ կերպ ինչպես կարելի է որակել այդ տեսակ ահաբեկումն իրենց բնօրրանում խաղաղ ապրող մարդկանց, եթե ոչ հանցավոր գործողություններ։
Քննարկմանը ներկա Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ ասաց, որ Ադրբեջանը էթնիկ և կրոնական հիմքով հայատյացության քաղաքականություն է վարում, ինչն անում է կոնկրետ նպատակով՝ իրականացնել Արցախի հայաթափում ու Արցախում էթնիկ զտում։
«2020 թվականի պատերազմից գրեթե մեկուկես տարի է անցել, Ադրբեջանն էլի ուղղորդված և համակարգված իրականացնում է հայատյացության և Արցախի հայաթափման քաղաքականություն։ Իրենք շատ լավ հասկանալով, որ իրենց քաղաքականությունը հնարավոր է միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվի որպես համակարգային այլատյացություն, նախագահի մակարդակով երբեմն հայտարարում են, որ գրանցվող դեպքերը չեն կրում համակարգային բնույթ, հատուկենտ են և այլն։
Նրանք անգամ այս ճանապարհով ուզում են շեղել, մանիպուլացնել միջազգային կազմակերպություններին և թույլ չտալ, որ նրանք մտածեն այս քաղաքականությունը վարվում է համակարգված կերպով»,- ասաց Գ. Ստեփանյանը։
Նրա խոսքով, այս պարագայում իրենց խնդիրն է հակառակն ապացուցել, փաստերով, փաստագրված նյութերով ցույց տալ, որ սրանք հատուկենտ դեպքեր չեն, ուղղորդված են մեկ կենտրոնից և այդ կենտրոնն ադրբեջանական իշխանություններն են հենց նախագահի գլխավորությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս-ուկրաինական հակամարտությունից օգտվելով՝ Ադրբեջանը փորձելու է Արցախում անկայունություն հրահրել. Գեղամ Ստեփանյան
- Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամու կրակոցներից մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է. ՀՀ ՄԻՊ
- Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել․ ԱՀ ՄԻՊ
- Վերջին դեպքերն ապացուցում են Ադրբեջանի անառարկելի դիտավորությունը՝ էթնիկ զտման ենթարկելու Արցախը. ԱՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան