Արթուր Վանեցյան. Ականատեսն ենք լինում պետության կողմից հանցավոր անգործության հերթական դրսևորման
Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին մեր կառավարության անտարբերությունը սփյուռքի մեր հայության, Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեր քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նա շեշտել է, որ մինչև այսօր մենք չունենք հստակություն, թե ինչ քայլեր է ձեռնարկել արտգործնախարարությունն Ուկրաինայում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչ քայլեր են ձեռնարկել սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը և մյուս պատկան մարմինները մեր հայրենակիցների խնդիրները լուծելու ուղղությամբ։
«Չունե՞նք արդյոք մտավախություն, որ այս ամենն իր անդրադարձը կունենա սփյուռքի հետ մեր հարաբերությունների, սփյուռքի կողմից մայր հայրենիքի նկատմամբ վստահության վրա», - նշել է Վանեցյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս ամենին զուգահեռ «մենք ամենօրյա կտրվածքով խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ուկրաինայի հայերից՝ դեսպանատան արձագանքի, նրանց աշխատանքի մասին, ինչը պարզապես անթույլատրելի կեցվածք է, և պետության կողմից հանցավոր անգործության հերթական դրսևորում»։
Նույն հարցազրույցում ընդդիմադիր գործիչն անդրադարձել է նաև արտագաղթի մեծ ծավալներին, նշելով, որ այն համեմատության մեջ է 90-ականներին արձանագրված ցուցանիշի հետ:
«Հիշում ենք՝ ինչ մարդկային ու մասնագիտական մեծ ռեսուրսների կորուստ ունեցանք այն ժամանակ: Ցավոք մտավախություն ունեմ, որ մենք այսօր նորից բախվել ենք այդ մարտահրավերին: Ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ՝ ոչինչ, ավելի ճիշտ անում է քայլեր՝ խթանող արտագաղթի ծավալները։ Ես ավելին ասեմ, այսօր մենք ականատես ենք լինում Ռուսաստանից, Ուկրաինայից մեծ թվով մարդկանց Հայաստան տեղափոխվելու գործընթացին՝ պայմանավորված ուկրաինական զարգացումներով: Անկեղծորեն չեմ բացառում, որ հետագայում այս իշխանությունները կփորձեն արտագաղթի վիճակագրություն էլ խեղաթյուրել՝ օգտագործելով այսօր Հայաստան տեղափոխվողների թիվը: Ես անգամ սա չեմ բացառում», - ասել է Վանեցյանը:
Անդրադառնալով արտագաղթի պատճառներին՝ Վանեցյանը Հայաստանում և Արցախում այսօր առկա անվտանգային լրջագույն խնդիրներին հավելել է մի շարք այլ պատճառներ՝ սկսած մարդու իրավունքների վիճակից մինչև սոցիալ-տնտեսական խնդիրներ։
«Ապօրինի ձերբակալությունները, քաղաքական հետապնդումներն այս իշխանությունների ձեռագիրն են, դրա մասին մենք առիթ ունեցել ենք բավական մանրամասն խոսելու։ Անմխիթար վիճակում է այսօր մեր դատաիրավական համակարգը. պարզապես խայտառակություն է դատավորին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար հետապնդման ենթարկելը։ Մենք ժողովրդավարության առումով արագ տեմպերով հետ ենք գլորվում, և սա փաստ է», - ասել է Վանեցյանը։
Ընդդիմադիր գործիչը կարևորել է նաև տնտեսական խնդիրները՝ գնաճից ու թանկացումներից մինչև ներդրումային սպառված գրավչություն, արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականության բացակայություն, բիզնես անորոշություն, պետության կողմից կարճաժամկետ որոշումների ընդունում և այլն:
«Մի բան հստակ է՝ կառավարման մինիմալ ունակություն չունեցող այս իշխանությունը չի կարող որևէ իրական արդյունքի հասնել ճգնաժամայի՛ն կառավարման հարցում։ Իսկ մենք փաստենք, որ այսօր մեր երկիրը ճգնաժամի մեջ է, որին էլ, ի դեպ, մեզ հասցրել է նույն այս իշխանությունը», - նշել է Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան
- Մենք հանրության ներսում մեծ երկխոսության կարիք ունենք. Արթուր Վանեցյան
- «Ժողովուրդ». Մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան