«Հովեր» երգչախմբի 30-ամյակը կնշանավորվի ներկայացման պրեմիերայով
«Հովեր» պետական կամերային երգչախմբի 30-ամյակը կնշանավորվի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» երաժշտական ներկայացման պրեմիերայով։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, նախագիծն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
«Պրեմիերան տեղի կունենա մարտի 14-ին և 15-ին` ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. մասնակցությամբ՝ Շահանե Աղաքարյանի (դաշնամուր, երկրորդ մասը` Արմեն Բաբախանյան), Մերուժան Եգանյանի (ակորդեոն), «Հովեր» պետական կամերային երգչախմբի։ Երաժշտական ներկայացումը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը։
«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» երաժշտական ներկայացման կոմպոզիտորը Վաչե Շարաֆյանն է, ռեժիսորը՝ Նարինե Մալյանը։ Նախագծի ղեկավարն է Անուշ Քոչարյանը։
«Հովեր» պետական կամերային երգչախումբը բաց է խմբերգային բոլոր ժանրերի համար: Երգչախումբը հանդես է եկել «Թիատրո Դալ Վերմե» (Իտալիա), «Թիեթրը Նանթրե Ամենդիրս», «Սիտե դե լա մյուզիք», «Լը Քուաղց» (Ֆրանսիա), «Սթրաթմոր», «Քարնեգի Հոլլ» (ԱՄՆ), «Լինքոլն Սենթըր» («Ալիս Թուլի Հոլլ») (ԱՄՆ), Թայբեյի ազգային (Թայվան), «Էրմիտաժ» թատերական (Ռուսաստան) և այլ հեղինակավոր դահլիճներում:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը նախաձեռնել է մի շարք խմբերգային ներկայացումներ, մասնակցել բազմաթիվ մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային նախագծերի:
Երգչախումբը մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի երաժշտական աշխատանքներին, ունի 7 ձայնասկավառակ: Երգչախումբը համերգներով հանդես է եկել մի քանի տասնյակ երկրներում, մասնակցել մի շարք միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոների:
Նշենք, որ երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 2018 թվականից ԵՊԿ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը»,- ասվում է հաղորդագրությունում: