Նշվում է աստղագետ Վիգեն Մալումյանի 90-ամյակը
Այսօր նշվում է աստղագետ Վիգեն Մալումյանի 90-ամյակը։
Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից ու մանրամասնում, որ օրվան ընդառաջ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) մարտի 7-ին անցկացվել էին հոբելյանական սեմինարներ, որոնցից մեկին ելույթով հանդես եկավ ԲԱ ավագ գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը և ներկայացրեց Վիգեն Մալումյանի կենսագրությունը և գիտական գործունեությունը։ Մյուս՝ Միշա Ղազարյանին նվիրված սեմինարի զեկուցողն էր ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Էմիլյա Կարապետյանը։
Ֆմգդ․ պրոֆեսոր Վիգեն Հայկի Մալումյանը ծնվել է 1932թ․ մարտի 11-ին Երևան քաղաքում (1932-2013): Նա 1954թ-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) ֆիզմաթ․ ֆակուլտետը և այդ թվականից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 1991թ-ին ստացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը՝ ատենախոսության թեմա ունենալով «Չափավոր ակտիվությամբ և թույլ ռադիոգալակտիկաների ռադիոճառագայթման ուսումնասիրությունը»:
Նա եղել է ԲԱ առաջատար գիտաշխատող, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս, ԲԱ գիտ․ խորհրդի և ԲԱ-ի գիտական աստիճաններ շնորհող գիտական խորհրդի անդամ, Միջազգային աստղագիտական միության (IAU), Եվրոպական աստղագիտական ընկերության (EAS) և Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) անդամ։
Վ․ Մալումյանի հիմնական գիտական հետաքրքրություններն ընդգրկում էին՝ միայնակ և կրկնակի գալակտիկաների, գալակտիկաների խմբերի, ռադիոգալակտիկաների, քվազարների և այլ ռադիո աղբյուրների ուսումնասիրությունները, ինչպես ռադիո, այնպես էլ այլ ալիքային տիրույթներում։ Այս և որոշ այլ թեմաներով Մալումյանն ունի ավելի քան 90 տպագրված գիտական աշխատանք տարբեր գիտական հանդեսներում, որոնց վրա կան բազմաթիվ հղումներ։
Մալումյանը զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային գիտաժողովներում։ 1970թ․ նա ուսումնասիրել է գերմանուշակագույն կոնտինիումով մոտ 30 գալակտիկայի ռադիո ճառագայթումը՝ վերլուծության ենթարկելով Քեմբրիջի ռադիոդիտակով ստացված դիտողական տվյալները։ Ցույց է տրվել, որ այդ գալակտիկաների ռադիո ճառագայթումը 408MHz-ում չի գերազանցում 0․5 Յանսկին։
1990-ականների սկզբից Մալումյանը զբաղվել է տարբեր դիտողական տվյալների վիճակագրական ուսումնասիրություններով։ Վերջին տարիների աշխատանքներից է՝ «Բաբախիչների կապը գերնորերի մնացորդների հետ»։