«Թեղուտ» ՓԲԸ-ն ու ռուսական կապիտալ ունեցող այլ ընկերությունների ճակագիրը Հայաստանում
2022թ. մարտի 14-ից կդադարեցվի Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը: Ինչպես հայտնում են «Թեղուտ» ՓԲԸ-ից՝ պատճառը մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներն են։
Շնող և Թեղուտ համայնքից «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատում է 480 մարդ։ Այս մասին Panorama.am -ին տեղեկացրեց Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը չի դադարեցրել աշխատանքը։ Աշխատակիցների մի մասը շարունակում է աշխատել, մի մասը՝ ոչ։
«Գործարանում պլամային կանգնեցում է եղել։ Որ մասն էս պահին անհրաժեշտ չի ՝ իրենց աշխատանքով, ուղարկել են երկու շաբաթով տուն, հետո էլի կանչելու են»,-ասաց համայնքապետը։
Համայքնի ղեկավարը ընկերության աշխատանքի մասնակի դադարեցումը չի կապում ռուս-ուկրաինական պատերազմի հետ, ինչպես շրջանառվում էր համացանցում։
«Ընդհանրապես պատերազմի հետ կապված չի, ամեն տարի պլանային կանգնեցում անում են»,- ասաց նա։
Թեև ընդամենը շաբաթներ առաջ Թեղուտ համայնքում բնակիչները բողոքի ակցիաներ անցկացրեցին ՝ պահանջելով «Թեղուտ» ՓԲԸ-ից դադարեցնել արտանետումները դեպի գյուղատնտեսական նշանակության հողեր և շրջակա միջավայր, գյուղատնտեսական հողերից և այլընտրանքային զարգացման հնարավորությունից զրկված գյուղացիներին նաև ապահովել աշխատանքով մինչ այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումը, այդուհանդերձ, համայնքապետը պնդում է, որ Շնող,Թեղուտ համայնքներում գործազրկության խնդիր չկա։
«Գործազրկության խնդիր չկա։ Բացի «Թեղուտ» ՓԲԸ-ից, տեղացիները զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ ու անասպահությամբ»,- ասաց Ղումաշյանը։
Իսկ ահա բնապահպան Ինգա Զարաֆյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Թեղուտում բնակիչների շրջանում բողոքներ ու դժգոհություններ միշտ էլ եղել են։
«Մի քանի տարի առաջ հանքը դադարեցրեց աշխատանքը, այսինքն՝ այդքան ժամանակ մարդիկ ապահոված չէին աշխատանքով։ Հետո վերագործարկվեց, իսկ հիմա էլ կրկին խնդիրներ կան»,- նկատեց Զարաֆյանը։
Ըստ փորձագետի, «Թեղուտ» ՓԲԸ-ն ի սկզբանե ունեցել է լուրջ խնդիրներ, քանի որ նախնական պաշարների գնահատումն ուռճացված է եղել։
Մյուս կողմից էլ, ընկերությունն արդյունահանումն իրականացրել է հին տեխնոլոգիայով, որը, Զարաֆյանի խոսքով, պակաս շահութաբեր է՝ նոր տեխնոլորգիաների համեմատությամբ։ Բացի դրանից, ընկերությունն ունեցել է խնդիրներ պչամբարի հետ կապված։
«Ընդհանրապես հասկանալի չէ, թե ոնց են աշխատեցնում պոչամբարը։ Անընդհատ լինում էր արտահոսք, որոնք աղտոտում էին հարակից տարածքները։ Մի շարք հետազոտություններ ապացուցել են դա»,- հավելեց նա։
Զարաֆյանի կարծիքով՝ պետությունը պետք է անմասն չմնա «Թեղուտ» ՓԲԸ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներից և ստեղծված իրավիճակում պայմաններ դնի ընկերության առջև։
«Թեղուտի հանքի ծրագիրն այն վիճակում է, որ շուտափույթ պետք է բերվի օրենսդրական դաշտ։ Այս հանքը չի կարող հիմա հենց այնպես փակվել՝ հաշվի առնելով թե′ համայնքի աղտոտվածությունը, և թե′ ֆինանսա-տնտեսական խնդիրները։ Թեղուտի հանքը շահագործելու համար ընկերությունը վերցրել է այդքան մեծ ստրատեգիկ տարածք, ոչնչացրել անտառներ, ունի նաև շատ մեծ և վտանգավոր պոչամբար։Հետևաբար՝ պետությունը պետք է լուրջ գնահատում իրականացի՝ սոցիալական, բնապահպանական և տնտեսական ուղղություններով։ Սակայն դեռ նման քայլեր չեմ տեսնում»,- ասաց նա։
Ինգա Զարաֆյանը նաև մտահոգություն հայտնեց, որ հանքարդյունաբերության ոլորտում ռուսական կապիտալը մեծ է ՝ չբացառելով այն, որ շուտով խնդիրներ կառաջանան նաև այլ ընկերություններում։
«Մենք պետք հիմա փոձագետներից, տնտեսագետներից և պաշտոնյաներից կազմված աշխատանքային խումբ ձևավորեինք, որը շատ ակտիվ կզբաղվեր այդ խնդիրներով։ Կարծում եմ, որ եթե Ռդ-ի նկատմամբ սանկցիաների արշավը շարունակվի,ապա կարող են Հայաստանում բոլոր ռուսական ընկերություններն ունենալ նման խնդիրներ,օրինակ՝ Սոթքի հանքավայրը կամ այլ»,- եզրափակեց Զարաֆյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շնողից և Թեղուտից վերցված փորձանմուշների վերլուծության արդյունքները հաստատում են շրջակա միջավայրում ծանր մետաղների առկայությունը
- Թեղուտցիները փակել են «Թեղուտ» մտնող ճանապարհը
- Լևոն Գալստյան. Թեղուտի պոչամբարի պատվարի հետազոտություն պետք է արվի գործարկելուց առաջ, ոչ թե հետո
- «Թեղուտ»-ը վերագործարկվել է
- Փաշինյան. Ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա պատասխանատվություն կրելու՞ են
- Լևոն Գալստյանը կասկածելի է համարում Թեղուտում բռնկված հրդեհը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին