Ստեփանակերտում հանդիպել են Արթուր Վանեցյանն ու Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավորները
Արցախի Հանրապետության ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները ներկայացրել են վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների հետևանքով Արցախում տիրող իրավիճակը, մտքեր են փոխանակել հումանիտար ճգնաժամից ելք գտնելու հնարավորությունների շուրջ:
Երկուստեք մտահոգության առարկա է դարձել ՀՀ իշխանությունների՝ Արցախի նկատմամբ դրսեւորած անտարբեր կեցվածքը։
Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը առաջիկայում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ՝ «ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և նախատեսվում է այդ կապակցությամբ կազմակերպել լսումներ, որին հրավիրվելու են Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցությունը մտահոգություն է հայտնել ՀՀ և Արցախի միջխորհրդարանական հարաբերությունների բացակայության վեաբերյալ՝ հատկապես շեշտելով, որ հակառակ Արցախի Ազգային ժողովում բարձրացված մտահոգությանը՝ 44-օրյա պատերազմից հետո, մինչև այժմ որևէ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չի գումարվել: