Արմեն Աշոտյան. Եթե Նիկոլը դիմել է ՄԽ համանախագահներին, որտե՞ղ է այստեղ Արցախի հարցը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի երկկողմ, հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի մանդատ չունեն։
ՀՀ ԱԳՆ կոչվող նիկոլական դուքյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։
Տվյալ հաղորդագրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ հայ ժողովրդից թաքուն պահվող ադրբեջանական առաջարկությունների իրական բովանդակության հետ կապված։
Հարցերի մյուս խումբը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատին։ Տվյալ մանդատը թողարկվել է 1995 թվականի մարտի 23-ին Վիեննայում ԵԱՀԿ հունգարական նախագահության ընթացքում։
15 կետից բաղհացած այս մանդատը չի ենթադրում հայ-ադրբեջանական խաղաղության վերացական համաձայնագրի նախապատրաստում։
Այն ծայրից ծայր շաղկապված Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ։
Կարճ ասած, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանց Արցախի հարցի երկկողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեն։
Հիմա իմ հարցերը։
1. Եթե Նիկոլը դիմել է ՄԽ համանախագահներին, որտե՞ղ է այստեղ Արցախի հարցը։ Կա՞ նման հարց Հայաստանի դիվանագիտական օրակարգում թե՞ չէ։
2. Եթե կա, կարգավորման ի՞նչ սկզբունքների հիման վրա (Ադրբեջանի փաթեթում բնականաբար չկա ինքնորոշման իրավունքը)։
3. Եթե չկա, ապա ի՞նչ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր առանց Արցախի»։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության գինը. Բաքուն հրապարակել է իր պայմանները
- Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին. ԱԳՆ
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկները պետք է անհապաղ հրապարակվեն