Առաջիկայում հնարավոր է Արցախում նաև ունենանք էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր. Թագուհի Թովմասյան
«Առաջիկայում հնարավոր է Արցախում նաև ունենանք էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր: Ես այս առնչությամբ ուզում եմ ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վրա»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի մշտական նիստի մեկնարկին այսօր ասաց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հումանիտար խնդիրներին::
Նա հայտնեց, որ տարբեր գրություններով դիմել է իր միջազգային գործընկերներին, որպեսզի ուշադրություն դարձվի Արցախում ստեղծված հումանիտար աղետի վրա:
Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
Առաջինը ելույթով հանդես եկավ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով 2021 թ Առողջապահության նախարարության իրականացրած քաղաքականության հակիրճ կատարողականը:
Նրա խոսքով, 2021 թվականին համակարգն աշխատել է գերծանրաբեռնված՝ մի կողմից սպասարկելով կորոնավիրուսով վարակվածներին, մյուս կողմից՝ այլ հիվանդություններով հիվանդներին:
Նախարարը պնդեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը շարունակում է որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը: