Գյուղատնտես. Ջերմաստիճանի կտրուկ անկումը կնվազեցնի բերքի հնարավոր վնասները
Վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ անկում գրանցվեց։ Գիշեր հանրապետության ողջ տարածքում գրանցվում է զրոյից ցածր ջերմաստիճան։
Անցած գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնում ջերմաստիճանը հասել է -14-ի, Գեղարքունիքում՝ -15-ի, Վայոց Ձորում՝-13-ի, Տավուշում՝ -7-ի, Արարատում՝ -3-ի, Արմավիրում՝ -4-ի, Սյունիքում՝ -2-ի։
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան տեսքով:
Ինչպե՞ս կանդրադառնա ջերմաստիճանի կտրուկ անկումը գյուղատնտեսության, ծառերի ու մշակաբույսերի, դրանց բերքատվության վրա։
Գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշում է՝ անհանգստանալու կարիք չկա, ցուրտը նույնիսկ պետք էր։
«Այս տարվա ձմեռը բավականին տաք էր, ինչպես նշում են պաշտոնական աղբյուրները ջերմաստիճանը 4-5 աստիճանով բարձր է եղել նորմայից։ Հունվար, փետրվար ամիսներին ցանկալի չէ նման տաք եղանակը։ Եթե ջերմաստիճանը շարունակեր բարձր մնալ, ապա մենք կանգնելու էինք լուրջ խնդիրների առջև, քանի որ ակտիվ հյութաշարժություն էր արդեն սկսում»,-ասում է Պետրոսյանը։
Նա դրական է գնահատում եղանակի ցրտելը, հակառակ պարագայում Արարատյան դաշտավայրում ծիրանենին արդեն ծաղկած կլիներ։ Ջերմաստիճանի անկումը կանխեց բողբոջների բացվելը։
«Իհարկե, ճիշտ չէ միանաշնակ ասել, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումները չեն վնասում գյուղատնտեսությանը։ Սակայն այդ վնասն էական ազդեցություն չի կարող ունենալ բերքի վրա։ Այնպես որ հիմա կարող ենք ասել, խնդիրներ չունենք։ Ցածր ջերմաստիճանը հնարավարություն կտա երկարաձգել տաբեր ծառատեսակների ծաղկումը»,-մանրամասնում է մասնագետը։
Վտանգ չի սպառնում նաև բացված, էտված խաղողի այգիներին։ Ցրտի պատճառով խաղողի վազերը ուշ կբողբոջեն, ցրտահարության հավանականությունն էլ կնվազի։ Արարատյան դաշտավայրում ցրտահարության վտանգը դեռ կպահպանվի մինչև ապրիլի սկիզբը։
«Եթե ծառերը լինեին ծաղկման փուլում կամ արդեն ծաղկած, բնականաբար կտուժեին։ Այս փուլում ջերմաստիճանն անվտանգ է նաև հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի համար»,-ասում է Պետրոսյանը։
Գյուղատնտեսը գյուղացիական տնտեսություններին հորդորում է ջերմաստիճանի բարձրացման դեպքում շատ չոգևորվել, սածիլները բաց դաշտ չտեղափոխել, ջերմասեր մշակաբույսերի ցանք չկատարել։
«Պետք է միշտ հիշել՝ մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ կարող են գրանցվել, պետք չէ շտապել։ Ջերմասեր մշակաբույսերի՝ լոլիկի, սմբուկի, պղպեղի սածիլները պետք է դաշտ տեղափոխել, երբ ցրտահարության վտանգն անցել է»,-խորհուրդ է տալիս Գառնիկ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զբոսնելիս տաք հագեք, անձրևանոց վերցրեք. Ջերմաստիճանը կնվազի
- Տեղումներ և ջերմաստիճանի նվազում․ եղանակը Հայաստանում
- Ջերմուկում և Ապարանում ձյուն է տեղում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան