Անահիտ Ավանեսյան. Մեր տան աղամանն իր տեղում է՝ պահարանում
Հանրային սննդի օբյեկտներում սեղանին աղաման դնելու արգելքի վերաբերյալ նախագծի լայն քննարկումն ուրախացրել է Անահիտ Ավանեսյանին։ Հիշեցնենք, որ հենց նրա ղեկավարած պետական կառույցը՝ առողջապահության նախարարությունն է շրջանառության մեջ դրել օրենսդրական այդ փոփոխությունները։
Ասում է, որ նման փոփոխությունները տարբեր երկրներում շատ լավ արդյունքներ են տվել, իրենք էլ շարունակելու են տարբեր մեթոդներով իրազեկել աղի բացասական հետևանքների մասին։
«Այս ընթացքում շատերն են զարմացել, որ Հայաստանում նման խնդիր կա։ Այո, Հայաստանում օրական չափաբաժնի կրկնակին ենք մենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրմանը»,-ասաց նա։
Առաջիկայում նախատեսում են հանդիպումներ ունենալ ռեստորանների սեփականատերերի, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, արդյունքում լրամշակումներ կատարել ու նախագիծն ԱԺ տանել։
«Մեր նպատակն է իրականացնել վարքաբանական փոփոխություններ»,-ասաց նա։
Ավանեսյանին հարցրեցին՝ իրենց տանը որտե՞ղ են դնում աղամանը։
«Մեր տան աղամանն իր տեղում է՝ պահարանում։ Երբ որ անհրաժեշտ է, պահարանից հանում եմ, ճաշը եփելուց օգտագործում եմ, նորից դնում եմ պահարանի մեջ»,-ասաց Ավանեսյանը։