Հակակոռուպցիոն կոմիտեն 1 տարի է աշխատում է առանց տվյալներին հասանելիության իրավունքի
«Դեռ 2021 թ-ի մարտին ԱԺ-ի ընդունած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով սահմանված է, որ այն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվում «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքը»,- այսօր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ զեկուցելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նա հայտնեց, որ նախագծով առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածում «Հատուկ քննչական ծառայություն» բառերը փոխարինել «Հակակոռուպցիոն կոմիտե» բառերով:
Երանուհի Թումանյանցը կարևորեց Հակակառուպցիոն կոմիտեի համար Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի և սեփականատերերի ռեստրերի բացման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդների բացած հաշիվների ցանկի յուրաքանչյուր հաշվի տեսակի կարգավիճակի ծառայությունների հասանելի դարձնելը, որն ունեցել էր Հատուկ քննչական ծառայությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցնելուց հետո այս մեկ տարվա ընթացքում նման տվյալների հասանելիության մասով Հակակոռուպցին կոմիտեն արդյոք խնդիրներ չի ունեցել:
Արդարադատության փոխնախարարը հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն անմիջապես շրջանառության մեջ է դրել այդ նախագիծը, բայց և հայտնեց, որ Արդարադատության նախարարությունը կոմիտեից խոչընդոտների և առաջացած խնդիրների մասին տեղեկություն չունի:
Արթուր Խապչատրյանը տարակուսեց, որ կոմիտեի աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկությունը ստանալու օրենքի բաց կա, սական նախագծի հեղինակները նույնիսկ հրատապության կարգով՝ առաջինից երկրորդ ընթերցում 24-ժամյա ռեժիմով չեն ներկայացրել:
Պատգամավորը նաև առաջարկեց, որ նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ մտնի ոչ թե հրապարակումից 10 օր հետո, ինչպես գրված է նախագծում, այլ հաջորդ օրը:
Երանուհի Թումանյանցն ընդունեց, որ օրենքի կարևոր բաց կա և հրատապ ռեժիմով ընդունելու հարցը կքննարկի Հակակառուպցիոն կոմիտեի հետ:
Հանձնաժողովն քվեարկությամբ ընդունեց Արթուր Խաչատրյանի առաջարկը և օրենքի նախագիծը: