Դատավորը ԲԴԽ դահլիճում որպես «մեղադրյալ» պետք է հայտնվի բացառիկ դեպքերում, սակայն դա դարձել է սովորական երևույթ. Վազգեն Ռշտունի
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու համար սպասելի էր Բարձրագույն դատական խորհրդի որոշումը՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարութունը միջնորդությունը մերժելու մասին։
«Երևի թե ավելի շատ սպասելի էր, որ միջնորդությունը կմերժվի, քան կբավարարվի։ Չունեինք կոնկրետ վստահություն լուծման հետ կապված։ Իմ մասով, ես անշնորհակալ կլինեմ, եթե իմ դրական վերաբերմունքը չարտահայտեմ ԲԴԽ այն անդամների մասով, ովքեր դեմ են եղել միջնորդության բավարարմանը»,-ԲԴԽ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Վազգեն Ռշտունին։
Դատավորի խոսքով, անկախ ելքից՝ ինքն աշխատելու էր նույն կերպով, ինչ աշխատել է ավելի քան 10 տարի։
«Ուղղակի ինձ համար այսօր շատ զարմանալի է, որ մենք շատ վարույթների ենք ականատես լինում ու, կարծես թե, ԲԴԽ-ն վերջին ժամանակահատվածում հանդես է գալիս հիմնականում որպես դատարան: Մենք տեսնում ենք, որ մեր կոլեգաների հարցերը քննության առարկա են դառնում ԲԴԽ-ում:
Տպավորություն է ստեղծվում, որ մյուս դատավարություններին զուգահեռ նաև դատավորների նկատմամբ դատավարություններ են ընթանում, որտեղ դատավորները պետք է արդարանան, հակափաստարկներ ներկայացնեն իրենց գործունեության, կայացրած որոշումների վերաբերյալ, այնինչ մի շարք միջազգային փաստաթղթերում, միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված զեկույցներում խոսվում է բացառիկության մասին, այսինքն դատավորն այս դատական նիստերի դահլիճում որպես «մեղադրյալ» պետք է հայտնվի բացառիկ դեպքերում, սակայն վերջին ժամանակներում դա դարձել է սովորական երևույթ»,-ասաց Վազգեն Ռշտունին:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
- Իմ նկատմամբ հարուցված վարույթը թիրախավորված է. դատավոր Վազգեն Ռշտունի
- Վազգեն Ռշտունի. Ծանոթ չեմ մեկ այլ վարույթի, որ ԱՆ-ն իր նախաձեռնությամբ ուսումնասիրի դատավորի գործերն ու վարույթ հարուցի
- HelpCourt. 2021-ի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորն է Վազգեն Ռշտունին