Աննա Դանիբեկյանն ամեն օր ապացուցում է, որ ինքը հակակրանք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ
«Գիտե՞ք, այս ամենը չի տեղավորվում խելամտության սահմաններում, երևի դա է պատճառը, որ դատախազն էլ բորբոքվեց»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Նա անարգանք է համարում դատավոր Աննա Դանիբեկյանի նման վերաբերմունքը դատարանի ու դատարանի մասնակիցների նկատմամբ։
«Ակնհայտ էր, որ Արմեն Գևորգյանը չէր կարող մասնակցել այս նիստին դեռ այն ժամանակ, երբ նշանակվում էր նիստը։ Աննա Դանիբեկյանը կայացնում է որոշումներ, իրականացնում է քայլեր, որոնք ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում»,-ասաց Լուսինե Սահակյանը։
Նա համարում է, որ դատավորի գործողություններն ու որոշումները ոչ միայն օրինական չեն, այլև տրամաբանական չեն, իսկ Արմեն Գևորգյանի նկատմամբ դատավորն ունի ակնհայտ վերաբերմունք ու այդ պատճառով չի կարող օբյեկտիվ քննել գործը։
«Աննա Դանիբեկյանը շարունակում է իր գործելաոճով ամեն օր ապացուցել, որ ինքը հակակրանք ունի Արմեն Գևորգյանի նկատմամբ, և նրա որոշումները կոնկրետ Արմեն Գևորգյանի նկատմամբ կողմնակալ են»,-ասաց Լուսինե Սահակյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Սիլվա Համբարձումյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին ենթադրյալ կաշառք տալու գործով նիստն այսօր մեկնարկեց ժամը 13։00-ին, ապա ընդմիջվեց, քանի որ Արմեն Գևորգյանը հեռավար կերպով մասնակցում էր ԵԽԽՎ նիստին։ Դատական նիստ նշանակվեց այսօր ժամը 16։00-ին, ապա նիստը հետաձգվեց, քանի որ Արմեն Գևորգյանը չէր հասցրել ներկայանալ, ինչպես այսօրվա առաջին նիստում հայտարարել էր Լուսինե Սահակյանը։
«Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց ամբաստանյալի ներկայությամբ, այն հետաձգվում է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը 13։00-ին։»,-ասաց դատավոր Դանիբեկյանը։
Սա բարկացրեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին, նշեց՝ դատարանի հեղինակության համար է ասում։
«Հետաձգել, հետո նիստ նշանակել ժամը 4-ին, բոլորս ներկայացանք, ամբաստանյալը չկա։ Ինչո՞ւ համար է սա արվում։ Դատավարության մասնակիցները պետք է շահագրգռված լինեն, որ նիստերը կայանան ու ընդմիջումներն ու հետաձգումները պետք է հետապնդեն այդ նպատակը։ ԵԽԽՎ նիստն ընդմիջվելու է ժամը 4-ին ու դուք հենց ժամը 4-ին նիստ եք նշանակել։ Արմեն Գևորգյանը շուտ պետք է թողե՞ր գար, թե՞ այս նիստից պետք է ուշանար»,-ասաց Բաղդասարյանը՝ Դանիբեկյանին առաջարկելով ավելի ճկուն լինել, առավել հաճախ նշանակել դատական նիստերը թեկուզ շաբաթը յոթ օր։
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին
- Արմեն Գևորգյան. Հույս ունեմ, որ մեզ համար հայ, ուկրաինացի և Եվրոպայի այլ երեխաների տառապանքները աշխարհաքաղաքական ծագում չունեն
- Արմեն Գևորգյանը դատարան չէր ներկայացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան