Խաչիկ Գալստյան. Իշխանությունները Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող միլիոնավոր մեր հայրենակիցներին հանձնել են բախտի քմահաճույքին
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի հետ Panorama.am-ը զրուցել է Ռուսաստան-Արևմուտք լարվածության համատեքստում Հայաստանին սպառնացող վտանգների, իշխանությունների անելիքների մասին։
Panorama.am- Պարոն Գալստյան, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ծավալուն հարցազրույցում անդրադառնալով ՌԴ-Արևմուտք վերջին լարվածության և այդ համատեքստում ռուս-ուկրաինական հարաբերություններին՝ խոսում է նաև հնարավոր ռիսկերի և վտանգների մասին, որ կարող են ունենալ այդ զարգացումները Հայաստանի ու հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ի՞նչ ռիսկերի և վտանգների մասին է խոսքը։
Խաչիկ Գալստյան- Ինչպես արդեն նշեցիք, Արթուր Վանեցյանն իր հարցազրույցում անդրադառնում է միջազգային և ներքաղաքական օրակարգի հարցերի բավականին լայն շրջանակի։ Մասնավորապես, ՌԴ-Արևմուտք լարվածությունը, ըստ Վանեցյանի գնահատման, երկարատև գործընթացի արդյունք է, որը հանգեցրել է նման իրավիճակի։
Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքը հետևողականորեն ու բավականին տևական ժամանակահատված իրականացնում էր այնպիսի գործողություններ, որոնք անարձագանք ուղղակի չէին կարող մնալ։ ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը դեպի Արևելք, ամերիկյան ռազմական ներկայությունը հենց ՌԴ «քթի տակ», ուկրաինական ուլտրա-նացիոնալիզմին աջակցությունն ու ի դեմս Ուկրաինայի՝ Հակառուսաստանի կերտումը ստիպեցին ՌԴ-ին անցնել կանխարգելիչ գործողությունների։ Այնպես որ, այս տեսանկյունից ՌԴ քայլերը լիովին հասկանալի և ընկալելի են։ Չէ՞ որ մինչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության իրականացումը ՌԴ նախագահ Վ. Պուտինը փորձեց դիվանագիտական ճանապարհով հարթել առաջացած լարվածությունը՝ Արևմուտքին առաջարկելով «անվտանգության նոր պակտ» և փոխադարձ երաշխիքներ, որոնք սակայն հավանության չարժանացան ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների կողմից։ Այնպես որ ՌԴ գործողությունները պետք է միանշանակ դիտարկել որպես պաշտպանողական ռազմավարության դրսևորում, որտեղ սեփական ազգային անվտանգության ապահովումը բարձրագույն արժեք է հռչակվում։
Panorama.am- Իսկ ինչպե՞ս կգնահատեք այդ համատեքստում Հայաստանի իշխանությունների արձագանքն ու իրականացվող քայլերի համարժեքությունը։
Խաչիկ Գալստյան-Ինչպես արդեն նշեցի, եթե ՌԴ, ու ընդհանրապես, յուրաքանչյուր նորմալ պետության դեպքում անվտանգությունը առաջնային պահանջմունք է դիտարկվում, ապա ՀՀի պարագայում՝ ճիշտ հակառակը։ Հայաստանի ներկայիս իշխանությունների համար անվտանգության հիմնախնդիրները հետին պլան են մղված, դրանք գլխացավանք են։ Դրա համար էլ սրանց թվում է, որ հրաժարվելով Արցախից, հրաժարվելով ՀՀ ինքնիշխան տարածքների ու սահմանների պաշտպանությունից, սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը՝ անվտանգության խնդիրները կկորցնեն իրենց սրությունն ու ինքնաբերաբար կլուծվեն։ Ինչպես Ա. Վանեցյանն է նշում, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի գործողությունները լիովին կանխատեսելի են, որոնք, օգտվելով ռուս-ուկրաինական սրացումներից՝ կարող են գնալ հերթական ավանտյուրային ու Արցախում, ՀՀ սահմաններին նոր լարվածության օջախներ ստեղծելով՝ փորձեն կորզել առավելագույնը, ինչին որ փաստացի ականատես ենք լինում վերջին ժամանակներս։ Այն, որ ՀՀ իշխանությունները չունեն ռազմավարական մտածողություն, զուրկ են ռազմավարական գործընկերների հետ աշխատելու տարրական գիտելիքներից ու կանոններից, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ Սփյուռքում ապրող միլիոնավոր մեր հայրենակիցներին վաղուց արդեն հանձնել են բախտի քմահաճույքին՝ ապացուցված ճշմարտություններ են։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Մենք չենք մոռացել մեր առաքելությունը, պայքարը շարունակելու ենք
- Կա տպավորություն, որ Հայաստանի իշխանությունները լծվել են թուրքական նախապայմանները բավարարելու գործին. Ա. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Ականատեսն ենք լինում պետության կողմից հանցավոր անգործության հերթական դրսևորման
- Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Ա. Վանեցյան