ՀՀ Զինված ուժերի նպատակն ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ. Արման Սարգսյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթերցեց կառավարության հաշվետվությունից մի հատված, ըստ որի՝ Զինված ուժերի բարեփոխումների «հայեցակարգը զարգացնելու է Զինված ուժերը ու վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ՝ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով»։
«Մեր զինված ուժերը երբևէ ագրեսիայի նպատակ ունեցող Զինված ուժեր է եղե՞լ, որ հիմա էլ հայեցակարգով ուզում են ոչ ագրեսոր Զինված ուժեր ձևավորել, թե՞ ուղղակի ուզում են անատամ Զինված ուժեր, որը նույնիսկ պաշտպանությունից հակահարձակման երբևէ ի վիճակի չի լինի անցնել», - Գեղամ Մանուկյանը հարցն ուղղեց նիստին ներկա պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։
Նա պատասխանեց, որ իրենց նպատակը, բնականաբար, «անատամ բանակ» ունենալը չէ, այլ ֆիքսելն է, որ ՀՀ զինված ուժերը չեն ստեղծվելու ագրեսիայի նպատակով։
«Նախորդիվ, եթե նույնիսկ ամրագրված չի եղել, բնականաբար, այն ժամանակ էլ Զինված ուժերի նպատակը չի եղել ագրեսիվ գործողություններ կամ այդպիսի այլ բնույթի մարտավարություն ունենալը։
Հայաստանի Զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ։ Անատամ լինելու մասին խոսք լինել չի կարող, պետությունն ամեն ինչ անում է, որ մեր Զինված ուժերը լինեն մարտունակ ու հնարավոր հակահարված տալու ընդունակ իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով», - նշեց Արման Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան