Առաջիկայում ևս ԿԲ-ն կդիտարկի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը. Մարտին Գալստյան
2022թ. մարտի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա ասաց, որ ԿԲ կանխատեսումներով՝ 2022 թվականի 12-ամսյա և բնականոն գնաճերը կկազմեն համապատասխանաբար 6.5% և 6.4%:
Նկատելով, որ ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվել են տարբեր պատժամիջոցներ՝ ԿԲ նախագահը հայտնեց, որ դրա արդյունքում դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության և տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշության էական ավելացում:
Նրա խոսքով՝ մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ, որը արտահայտվում է գործընկեր երկրներում ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ, ինչի արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն:
«Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ, որը առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին»,- ասաց Գալստյանը և տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտից սակայն սպասվում է դրական ազդակներ:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը և բարձր անորոշությունը հանգեցրել է ՀՀ ֆինանսական շուկաներում տատանողականության աճի, ռիսկի, ինչպես նաև գնաճի և գնաճային սպասումների անորոշությունների մեծացմանը:
«Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում համեմատաբար մեծ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- ասաց Գալստյանը՝ տեղեկացնելով, որ տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշության և գնաճային սպասումների ավելացման ռիսկերի պահպանման դեպքում, առաջիկայում ևս կդիտարկվի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ նման գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
«ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը էականորեն ավելացել է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են»,- հայտարարեց Գալստյանը և վստահեցրեց, որ որևէ ուղղությամբ ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի՝ ապահովելով գների կայունության նպատակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան