Վրաստանի պատմությունը՝ կիսահայերեն դասագրքերով
Տևական ժամանակ է Վրաստանում բողոքներ են հնչում պատմության դասագրքերի վերաբերյալ, որ դրանք պատշաճ կերպով չեն ուսուցանում Վրաստանի պատմությունը, իսկ ահա հայալեզու դպրոցներում այս խնդիրը կրկնակի բարդություն ունի, քանի որ դասագրքերում ներառված նյութերի մեծ մասը վրացերենով է: Այս մասին գրում է Jnews կայքը։
«Մենք դարավոր ժողովուրդ ենք, և պատմությունն ու կրոնը մեր ինքնության հիմնական մասն են: Եթե մարդը պետք է ձևավորվի ազգային սկզբունքների հիման վրա, առաջին հերթին նա պետք է լավ իմանա իր երկրի պատմությունը», - ասել է Վրաստանի կրթության և գիտության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարին:
Դպրոցներում Վրաստանի պատմության դասավանդման հարցը պետք է քննարկի նաև խորհրդարանի կրթության հանձնաժողովը, քանի որ ինչպես պարզ է դառնում օրենսդիր մարմնին ներկայացված նամակից, Վրաստանի պատմությունը պատշաճ կերպով չի դասավանդվում դպրոցներում և շատ պատմաբանների պնդմամբ գրքերը ևս այն մակարդակին չեն, ինչպիսին պետք է լիներ։
Տարբեր դասագրքերում, այդ թվում պատմության դասագրքում, դասանյութի մի մասը կազմված է հայերենով, իսկ մյուս մասը՝ վրացերենով, ինչը բարդություն է առաջացնում և աշակերտների, և ուսուցիչների համար:
Պատմության ուսուցչուհի Վարդիթեր Յուզբաշյանն ասել է, որ եթե վրացերենով գրված մասերը չհանձնարարի կամ չփորձի թարգմանել, ապա աշակերտները այն աչքաթող կանեն. «Քանի որ վրացերենին շատ լավ չեմ տիրապետում, պահանջը կամ աղբյուրները հասկանալու համար անհարժեշտություն է առաջանում թարգմանելու, որը ժամանակատար է, և կրկնակի դժվարացնում է դասապրոցեսը: Իսկ ինչ վերաբերվում է դասի նյութերին, երբեմն ստիպված եմ լինում այլ գրքերից օգտվել աշակերտին լիարժեք բացատրելու համար»:
Մանկավարժները բարձրաձայնում են, որ երկլեզու գրքերով ուսուցումը բարդացնում է նյութի մատուցումը: