Ի՞նչ է խոսել Փաշինյանը Թրյուդոյի ու Բլինքենի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
ԱՄՆ պաշտոնյայի հետ հեռախոսազրույցում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով:
Կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է և մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:
Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է Թրյուդոյի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։
Փաշինյանը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:
Ջասթին Թրյուդոն հայտնել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը:
Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ:
Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: