Ստորագրվեց հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
«Անվտանգությունն ու առողջությունը՝ առաջնահերթություն» կարգախոսի ներքո անցկացվող խորհրդաժողովի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լիլիթ Սահակյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խորհրդաժողովի ժամանակ արձանագրել է, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատելու մեծ ասպարեզ կա՝ առաջացող խնդիրներին ճիշտ ու համապարփակ լուծումներ տալու տեսանկյունից։ Դա անպայմանորեն կնպաստի սպառող-պետական կառույց հետադարձ կապի զարգացմանն ու վստահության աճին:
«Յուրաքանչյուրս հանդիսանում ենք սպառող, հետևաբար այսօր մեր իրավունքների պաշտպանության օրն է»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը:
Այս տարի Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ մարտի 15-ը, աշխարհում նշվում է հոբելյանական 60-րդ անգամ: Հայաստանում այն կարևորվում և արդեն 5 տարի է, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ, նշվում է պետական մակարդակով:
2022 թվականի հայաստանյան համաժողովն ու մարտի 7-ից մեկնարկած իրազեկման միջոցառումներն անցկացվել են «Անվտանգությունն ու առողջությունը՝ առաջնահերթություն» կարգախոսի ներքո:
Գիտակրթական հաստատությունների, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և, իհարկե, սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների մասնակցությամբ կազմակերպված մի շարք կլոր սեղանների ընթացքում քննարկվել են անվտանգության, առողջության ապահովման ու սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գիտական զարգացումները, hասարակական կազմակերպությունների ու տնտեսավարողների դերն ու անելիքները։
Մարտի 15-ին կազմակերպված համաժողովում ելույթներով հանդես են եկել սպառողների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները՝ խոսելով սպառողների իրավունքների ու դրանց պաշտպանությանը միտված գիտելիքների ու կարողությունների զարգացման, պահանջատեր ու պատասխանատու լինելու, ինչպես նաև՝ այդ կառույցների ու սպառողների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին:
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բոլոր միջոցառումները կազմակերպվել են ՍԱՏՄ բազմամյա գործընկերոջ՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի, ակտիվ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյանի հորդորը՝ սպառողներին. Չհանձնվե՛լ
- Գնորդը միշտ ճիշտ է. Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
- Գեորգի Ավետիսյան. Այն մարդիկ, որ փողոցից գնում են միս, չեն հարգում սեփական անձն ու ընտանիքը