Սա «կամ-կամ»-ի քարոզարշավ է. Լևոն Մարտիրոսյան
Այս մի քանի օրում դժվար այնպիսի մտքեր կամ վերլուծություններ ի հայտ գան քարոզարշավի ընթացքում, որ նորություն լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը:
Ըստ նրա ամփոփելով կարելի է ասել, որ «այո»-ի և «ոչ»-ի բովանդակային քննարկում այդպես էլ չստացվեց. «Չեմ լսել մի այսպիսի լուրջ փաստարկ «ոչ»-ի կողմից, որ սահմանադրական այս բարեփոխումները լավը չեն և ժամանակավրեպ են: Հիմնական փաստարկը, որ լսել ենք, այն է, որ նախաձեռնող իշխանություններն են, վատ է և սրանով իշխանությունները միայն վերարտադրվելու նպատակ են հետապնդում: Սրանք բովանդակության հետ կապ չունեցող փաստարկներ են»:
Մարտիրոսյանը նկատեց, որ պետք է «այո» ասել մի քանի պատճառներով. «Սա իսկապես առաջադիմական փոփոխությունների փաթեթ է: Մենք հասել ենք մի հանգրվանի, որ որպես պետություն, հասարակություն պատրաստ ենք անցնել խորհրդարանական կառավարման համակարգի»:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, «ոչ» ասելով հասարակությունը պետք է հասկանա, որ դրանով կամա թե ակամա կողմ է քվեարկում գործող սահմանադրությանը:
«Սա ոչ թե «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավ է, այլ «կամ-կամ»-ի»,-շեշտեց Լևոն Մարտիրոսյանը:
Հանդիպմանը ներկա «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց, որ ինքը «ոչ» է ասելու սահմանադրության նոր փաթեթին, բայց դա չի նշանակում, որ ինքը կողմ է քվեարկում գործող սահմանադրությանը. «Համակարծիք չեմ, որ «ոչ»-ի ճամբարը խուսափել է մտնել բանակցությունների մեջ: Ցավում եմ, որ գործընթացն այնպես է տարվել, որ ովքեր սկզբունքորեն կողմ են եղել խորհրդարանական կառավարմանը, չեն կարող այս փաթեթին կողմ քվեարկել»:
Ըստ Սաֆարյանի, այսօր երկու վատ բան է առաջարկում, կամ մնալ այս գործող վատ սահմանադրության մեջ, կամ քվեարկել նոր վատ տարբերակի օգտին:
«Երկու համակարգերն էլ նույն արատներն ունեն, երկուսն էլ չունեն իշխանության տարանջատման մեխանիզմ»,-նկատեց նա:
«Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների ներկայացրած դիտարկումները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան