Դավութողլու. Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը կարագանա
Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը կարագանա: Բրյուսելում կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքով, գագաթնաժողովի արդյունքներով որոշում է կայացվել, որ Թուրքիան և ԵՄ-ն տարեկան երկու գագաթնաժողով կանցկացնեն Թուրքիայի անդամակցության հարցը քննարկելու համար:
«Մենք որոշեցինք, որ տարվա ընթացքում կանցկացնենք երկու գագաթնաժողով, կարագացնենք անդամակցության գործընթացը: Որոշվել է ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի անցնելու օրացույցը: 2016թ. մարտին կլինի առաջին զեկույցը, հունիսին՝ ներգաղթյալների վերադարձի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելը, իսկ հոկտեմբերին՝ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի ուժի մեջ մտնելը: Դրա համար և մենք և ԵՄ-ն ունենք բավական անելիքներ»,- նշել է Ահմեդ Դավութողլուն:
Թուրքիայի կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է ներգաղթյալների հետ կապված ճգնաժամին և վերջիններիս օգնելու նպատակով ԵՄ կողմից հատկացված 3 միլիարդ եվրո գումարին:
«Այդ 3 միլիարդը կծախսվեն ոչ թե Թուրքիայի, այլ սիրիացի փախստականների վրա: Մեր վերջնական նպատակը մարդկանց վաճառքի և փախստականների նկատմամբ հանցագործությունների արմատախիլ անելն է, ինչպես նաև դեպի Եվրոպա ուղևորվող ներգաղթյալների թվի պակասեցումը»,- նշել է Ահմեդ Դավութողլուն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան