ՀՆԱ-ի աճի մասով մեր կանխատեսումները նախկին 5.3%-ի փոխարեն իջեցվել են 1.6 %-ի. Մարտին Գալստյան
«ՀՆԱ-ի աճի մասով մեր կանխատեսումները նախկին 5.3%-ի փոխարեն իջեցվել են 1.6 %-ի, որը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ճյուղի զարգացումներով»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ տարվա սկզբին ԿԲ-ն կանխատեսում էր, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022 թվականաին աճեր 1.6 %-ով, բայց նոր զարգացումներով նկատվում են, որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ նոր գնահատականներով արդյունաբերության ճյուղում կգրանցվի 4,7% անկում, շինարարության ճյուղում ևս անկում է նախատեսվում, իսկ միակ ոլորտը, որտեղ դրական զարգացում է լինելու՝ գյուղատնտեսությունն է:
Պատասխանելով ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցների ներքո Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահն ասաց. «Մենք հետևելու ենք միջազգային սանկցիաների ռեժիմին, ունենք որոշակի փորձ այդ առումով և կարծում ենք, որ մեր այսօրվա հիմնական առաքելությունը Հայաստանի ֆինանսական համակարգն անաղարտ պահելու մեջ է կայանում»:
Մարտին Գալստյանը նաև հայտնեց, որ Հայաստանի բոլոր բանկերում «Վիզա» և «Մաստեր» քարտերը բնականոն կերպով սպասարկվում են և միայն մեկ բանկում խնդիր կա, որը ընկել է պատժամիջոցների տակ:
ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց իր թիմին՝ արդյունավետ աշխատանքի համար՝ ասելով. «Մենք այսօր կարողանում ենք ձեզ ներկայացնել թվեր մի իրավիճակում, երբ տոտալ անորոշության մեջ ենք, իսկ այդ վիճակում թվային արտահայտությամբ խոսելն այսօրվա վիճակում հերոսություն է»: