Բքի պատճառով Գորայք-Զանգեր ավտոճանապարհը հաճախ փակվում է
Մարտի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ավտոճանապարհին բուք է։ Վերոնշյալ ճանապարհահատվածում առաջացել է խցանում, ինչի հետևանքով պարբերաբար ավտոճանապարհը փակվում է։
«Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում չխոչընդոտել կապալառու կազմակերպության աշխատանքներին, հետևել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպության հորդորներին»,-հորդորում են հիմնադրամից։
Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գորիսի, Գավառի, Մարտունիի, Նաիրիի, Դիլիջանի, Իջևանի, Վանաձորի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհնեին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-հորդորում են հինադրամից։