Ն. Զարյանի ու Ա. Չեխովի անվան դպրոցներում տնօրեն ընտրել չի հաջողվել
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում մարտի 11-ին կայացած մրցույթի արդյունքում տնօրեն չի ընտրվել։ Բանն այն է, որ տնօրենի թեկնածուներից մեկը՝ Լուսինե Անտինյանը մրցույթից օրեր առաջ հրաժարվել է պայքարից։
Մրցույթում միայնակ մնացած Արև Աբրահամյանը, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, չի կարողացել ստանալ անհրաժեշտ թվով ձայներ:
Երևանի քաղաքապետարանից Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ մրցույթը կայացել է, մասնակցել է մեկ հավակնորդ և հաղթող չի ճանաչվել:
«Կարգի խախտում չի արձանագրվել: Հաջորդ մրցույթը կկայանա 07.06.2022թ.»,-մանրամասնեցին քաղաքապետարանից։
Նշենք, որ այս դպրոցում արդեն երկրորդ անգամ տնօրեն ընտրել չեն կարողանում։ Եվս մեկ մրցույթ կայացել էր դեկտեմբերին։
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ծնողի պատմածները, գրել էր, որ տնօրենի մրցույթին ընդառաջ դպրոցում մեծ լարվածություն է առաջացել, ինչն էլ իր հերթին բացասաբար է ազդել դասապրոցեսի վրա։
«Երևանի Ն. Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոցում տիրող լարված իրավիճակի վերաբերյալ ահազանգ չի ստացվել: Տնօրենի ժ/պ Ա. Աբրահամյանը՝ ի պատասխան մեր բանավոր հարցման՝ գրությամբ տեղեկացրել է, որ դպրոցն աշխատում է բնականոն գործընթացով, որևէ լարվածություն չկա»,-նշեցին քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Panorama.am-ը նաև գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն՝ պարզելու, ճի՞շտ են այն լուրերը, որ դպրոցի երեխաների վարքի վերաբերյալ Արաբկիրի ոստիկանությունը բողոքներ, ահազանգեր է ստացել։ Իրավապահ այս մարմնից խնդրել են 30 օր ժամանակ։
Ի դեպ, տնօրեն ընտրել չի հաջողվել նաև Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոցում։
ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը տեղի է ունեցել օրեր առաջ՝ մարտի 10-ին:
«Մրցույթը կայացել է: Հավակնորդներից ոչ ոք հաղթող չի ճանաչվել: Կարգի խախտում չի արձանագրվել: Հաջորդ մրցույթը կկայանա 14.04.2022թ»,-նշեցին քաղաքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան