«Ժողովուրդ». Թալինում էլ կլինեն նոր ընտրություններ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թալին խոշորացված համայնքում նույնպես նոր ընտրություններ կնշանակվեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները հաստատեցին ավագանու թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանին թեև համայնքապետ ընտրել է՝ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին, բայց ավագանու որևէ նիստ մինչ օրս տեղի չի ունեցել։
«Ավագանին որևէ նիստ չի անցկացրել, ու եթե այսպես շարունակվի, ապա, ըստ օրենքի, նոր ընտրություններ կնշանակվեն հունիսի սկզբին, որովհետև ընտրություններից հետո վեցամսյա ժամկետը հունիսին է լրանում,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Իրականում իշխող ՔՊ-ն էլ է հասկանում, որ ավագանու մյուս խմբակցության անդամները տեղի չեն տալու, ու քաղաքն այդպես՝ քաղաքապետով, բայց առանց ղեկավարման է մնալու։ Այդ իսկ պատճառով մտածում են, որ նոր ընտրությունն է միակ ելքը»։
Իշխող ՔՊ-ն, հիշեցնենք, այստեղ նույնպես, ատամներով պահելով, իշխանություն է ձևավորել։ Թալինի 21-հոգանոց ավագանիում ՔՊ-ն 10 ձայն ուներ, սակայն թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է նաև Կարեն Գրիգորյանը «Հայք» խմբակցությունից: Թեև ՔՊ-ն, տարբեր մեխնիզմներ բանեցնելով, ավագանուն կարողացել է համոզել կամ ստիպել համայնքապետ ընտրել, բայց ավագանին նիստ գումարել չի կարողանում, քանի որ Սափեյանի օգտին քվեարկած Գրիգորյանը հրաժարվել է մանդատից, իսկ մյուս խմբակցությունների ավագանու անդամներն առ այսօր բոյկոտում են ավագանու նիստի մասնակցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում