«Կասպերսկի».Աշխարհում DDoS-գրոհների քանակն ավելացել է 4,5 անգամ
«Կասպերսկի» ընկերության DDoS Intelligence համակարգը 2021-ի չորրորդ եռամսյակում աշխարհում գրանցել է 86 710 DDoS-գրոհ (DDoS – Distributed Denial of Service՝ «սպասարկման մերժում» տիպի բաշխված գրոհ)։ Այս ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 52%-ով և ավելի քան 4,5 անգամ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնու են, որ ընկերության փորձագետները երրորդ եռամսյակի նկատմամբ DDoS-գրոհների թվի աճը ավանդական սեզոնային տատանում են համարում։ «Տարեվերջին կյանքն ընդհանուր առմամբ արագանում է, և դա ազդում է DDoS-ի շուկայի վրա. սրվում Է մրցակցային պայքարը մանրածախ առևտրում, գալիս է դպրոցականների և ուսանողների քննությունների ժամանակը, արշավներ են ծավալում տարբեր տեսակի ակտիվիստներ։ Այս ամենը հանգեցնում է գրոհների թվի աճի։
Բացի այդ, DDoS-ի շուկայի ծավալը հակադարձ համեմատական է կրիպտոարժույթների շուկայի նկատմամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ DDoS-ի և կրիպտոարժույթի մայնինգի կազմակերպման հզորությունները թեև ոչ ամբողջությամբ, բայց փոխադարձ փոխարինելի են, ուստի բոտնետների տերերը հակված են հզորությունները վերաուղղել դեպի մայնինգ՝ կրիպտոարժույթի աճի, և դեպի DDoS՝ դրա անկման ժամանակ։ Չորրորդ եռամսյակում մենք նկատում ենք հենց դա. DDoS-գրոհների թվի աճ կրիպտոարժույթների արժեքի կտրուկ անկման ֆոնին»,- նշում են փորձագետները։
Ինչ վերաբերում է 2020-ի չորրորդ եռամսյակի համեմատ չորս ու կես անգամ աճին, ապա, ընկերության տվյալներով, ի տարբերություն 2021-ի չորրորդ եռամսյակի ռեկորդային բարձր ցուցանիշների, մեկ տարի առաջ դրանք ռեկորդային ցածր էին: Մեկ տարի առաջ նկատվել է ընթացիկին հակառակ իրավիճակ՝ DDoS-ի շուկայի անկում կրիպտոարժույթի գների կտրուկ բարձրացման ֆոնին։ Փաստացի այդ ամբողջ տարին DDoS-ի շուկան աստիճանաբար վերականգնվում էր փլուզումից հետո, այստեղից էլ նման տպավորիչ աճը։
Չորրորդ եռամսյակում, ինչպես և նախկինում 2021-ին, DDoS-գրոհների հիմնական զանգվածը նպատակաուղղված էր ԱՄՆ-ում տեղակայված ռեսուրսների վրա (43,55%): Ավելին, այս երկրի բաժինը գրոհների աշխարհագրական բաշխման մեջ կրկին աճել է։ Երկրորդ տեղ է վերադարձել Չինաստանը (9,96%), որի բաժինը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2,22 տոկոսային կետով, իսկ Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը (8,80%) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, որի բաժինը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է ավելի քան մեկուկես անգամ:
Չորրորդ եռամսյակում ակտիվ բոտնետների հրամանատարական սերվերներ ամենից շատ եղել են ԱՄՆ-ում (46,49%), որի բաժինը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ աճել է 3,05 տոկոսային կետով: Նիդեռլանդները (10,17%) և Գերմանիան (7,02%) փոխվել են տեղերով։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Վնասաբեր ծրագրերի HermeticRansom-HermeticWiper զույգն օգտագործվել է Ուկրաինայի վրա կիբեռգրոհներում
- «Կասպերսկի». Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
- «Կասպերսկի». Ֆիշերները գրեթե 2,5 անգամ կրճատել են հայաստանցի օգտատերերի վրա գրոհները
- «Կասպերսկի» ընկերությունը զգուշացնում է կրվող բժշկական սարքերի անվտանգության խնդիրների մասին
- Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Անջեյ Կասպրշիկին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան