Իրանի հոգևոր առաջնորդն ուղերձով դիմել է արևմտյան երկրների երիտասարդներին
«Քանի դեռ Արևմուտքն ահաբեկչության հարցում առաջնորդվում է երկակի չափանիշներով, բռնության արմատները չպետք է այլ տեղ որոնել»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն արևմտյան երկրների երիտասարդության հղած ուղերձում, անդրադառնալով աշխարհի տարբեր տարածաշրջաններում կատարվող ահաբեկչական գործողություններին և դրանց սպառնալիքին, մասնավորապես նշել է. «Իմ կարծիքով անվտանգության և խաղաղության հաստատմանն ուղղված առաջին փուլն է՝ բարեփոխել բռնություն ծնող մտայնությունը: Քանի դեռ Արևմուտքի քաղաքականության մեջ իշխում են երկակի չափանիշներ և քանի դեռ ահաբեկչությունն իր հզոր հովանավորների կարծիքով բաժանվում է լավ ու վատ մասերի ու քանի դեռ մարդկային ու բարոյական արժեքներից վեր են դասվում պետությունների շահերը, չպետք է բռնության արմատները այլ տեղ որոնել»:
Շարունակելով խոսքը՝ այաթոլլահ Ալի Խամենեին հավելել է. «Արևմուտքի մշակույթի պարտադրումն այլ ժողովուրդներին և անկախ մշակույթների թերագնահատելը ես համարում եմ լուռ ու չափազանց վնասակար բռնություն: Ցավով պիտի ասեմ, որ ԻԼԻՊ-ի նման ստոր խմբավորումները ծնունդ են առել ներմուծվող մշակույթների հետ անհաջող կապերի արդյունքում: Մյուս կողմից պետք է հարցնել, թե ինչո՞ւ նրանք, ովքեր ծնվել են Եվրոպայում և նույն միջավայրում մտավոր ու հոգևոր դաստիարակություն են ստացել, ներգրավվում են այդ խմբավորումներում: Արդյոք կարելի՞ է հավատալ, որ անհատները մեկ-երկու անգամ այցելում են պատերազմական շրջաններ ու հանկարծ այն աստիճան ծայրահեղական են դառնում, որ գնդակահարում են իրենց հայրենակիցներին: Անտարակույս չպետք է մոռանալ բռնությամբ շաղախված միջավայրում անառողջ մշակութային սնուցման ազդեցությունը»:
«Համաձայն տեղեկատվության՝ եվրոպական որոշ երկրներում օրենքներ են ընդունվել, որոնց համաձայն՝ քաղաքացիները պարտավոր են լրտեսել մուսուլմաններին: Մուսուլմանները նման վերաբերմունքի արժանի չեն: Արևմուտքը դարեր ի վեր ճանաչում է մուսուլմաններին: Ո՛վ երիտասարդներ, ես ցանկանում եմ, որ ճիշտ ու խորը ճանաչողության հիման վրա իսլամական աշխարհի հետ արժանավայել ու ճիշտ գործակցության հիմքեր մշակեք: Այդ դեպքում ոչ հեռու ապագայում կտեսնեք, որ այսպիսի հիմքի վրա ձեր ստեղծած շինությունն իր ճարտարապետների վրա վստահության ստվերը կսփռի ու նրանց անվտանգության ու խաղաղության ջերմություն կպարգևի»,-եզրափակել է Ալի Խամենեին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան