Ֆրեդդի Քեմփֆ. Երևի մի օր այդ ժամանակը կունենամ՝ հայերեն կսովորեմ, հայ կոմպոզիտորների գործերին կանդրադառնամ
Անվանի դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆը ելույթով հանդես կգա Հայաստանում: Քեմփֆի համատեղ համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 17-ին: Աշխարհի բազմաթիվ երկրներում ելույթ ունեցած դաշնակահարը հայաստանյան համերգին կներկայացնի Բեթհովենի ստեղծագործություններից։
Համերգից առաջ Panorama.am-ը զրուցել է տաղանդավոր դաշնակահարի հետ։
- Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք հարցազրույց տալ Panorama.am-ին։ Դուք մի քանի անգամ այցելել եք Հայաստան, ի՞նչ զգացողություններով եք վերադարձել մեր երկիր:
- Սա իմ չորրորդ այցելությունն է։ Շատ ուրախ եմ լինել Հայաստանում, ուրախ եմ, որ նվագելու եմ հայ հանդիսատեսի համար։ Ի վերջո իմ սիրած աշխատանքն եմ անելու, ես սիրում եմ նվագել։ Համավարակով պայմանավորված երաժիշտների համար դժվար շրջան էր ու հիմա ավելի մեծ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից։
Հայաստանն այն երկրներից է, որտեղ միշտ հետաքրքիր երաժշտական իրադարձություններ են տեղի ունենում, դրա համար հաճելի է լինել այս երկրում, ծանոթանալ մշակույթին և պատմությանը։
- Անհավանական է, բայց չորս տարեկանից սկսել եք դաշնամուր նվագել, իսկ Ձեր առաջին ելույթը եղել է վեց տարեկանում Լոնդոնում, հիշու՞մ եք այդ բեմելը։
- Այո, հիշում եմ և հիշում եմ այն կարևոր միջոցառումները, որտեղ ես նվագում էի փոքր ժամանակ։ Վեց տարեկանում տեղի ունեցավ իմ առաջին պրոֆեսիոնալ ելույթը, իսկ արդեն ութ տարեկանում Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեցի Մոցարտի 12-րդ դաշնամուրային կոնցերտը։
- Ծնողնե՞րն են դաշնամուրն ընտրել Ձեզ համար:
- Իմ ծնողները երաժիշտներ չեն և շատ պատահական ստացվեց, երբ որոշվեց, որ պետք է դաշնամուր նվագեմ։ Չորս տարեկանում ծնողներիս հետ գնացել էինք խաղալիքների խանութ ինձ համար Սուրբ ծննդյան նվեր գնելու նպատակով։ Եւ ես պետք է ինձ խաղալիք ընտրեի։ Նրանց հարցրեցի, թե որքան գումար են պատրաստվում տրամադրել նվերին։ Եւ ծնողներս գնեցին իմ նախընտրած էլեկտրադաշնամուրը։ Այդտեղից սկսվեց իմ ճանապարհը դեպի երաժշտություն։
- Ձեր հայրը գերմանացի է, մայրը՝ ճապոնուհի, իսկ դուք մեծացել եք Անգլիայում։ Որքանո՞վ է մշակույթների այս խառնուրդն օգնում մասնագիտական դաշտում: Որ մշակույթն է ձեզ ավելի շատ ձգում՝ Արևելքը, թե Արևմուտքը։
- Իրականում մեծանալով Անգլիայում, ես երբեք չեմ մտածել, որ դա իմ հայրենիքն է։ Հիմա ապրում եմ Գերմանիայում և այնտեղ ինձ զգում եմ ինչպես տանը, երևի իմ հայրիկի ծննդավայրն է, դրա համար ես ինձ այնտեղ լավ զգում։ Այդ խառնուրդն ինձ համար շատ կարևոր է, քանի որ ամեն մի ազգ ունի իր մշակույթը, իր լեզուն, պատմությունը։ Բնականաբար, այդ ամենի միաձուլումը մեծ ազդեցություն ունի ինձ վրա։ Ես բավականին լավ գիտեմ արևելյան մշակույթը, բայց դա այնքան էլ մոտ չէ ինձ։
- Դաշնամուր, ջութակ, ֆլեյտա, ո՞րն է հաջորդ գործիքը։
- Այո, դեռ փոքր տարիքից նվագում եմ նաև ջութակ, ֆլեյտա։ Կոնսերվատորիայում քիչ-քիչ, բայց մի շարք գործիքների վրա փորձել եմ նվագել։ Վերջին տարիներին սկսել եմ նաև կիթառ նվագել, բայց դա միայն հոբբի է։ Հիմա իմ տղան նվագում է թավջութակ և նրան օգնելու համար նաև այս գործիքն եմ ուսումնասիրել։
- Այսօր հանդես եք գալիս ոչ միայն դաշնակահարի, այլև դիրիժորի դերում։ Ինչն է ձեզ գրավում դիրիժորության մեջ:
- Սովորաբար երբ նվագում ես, միշտ պետք է իմանաս, թե նվագախմբի մյուս գործիքներն ինչ են անում, բայց դիրիժոր դառնալու ճանապարհը շատ պատահական ստացվեց։ Տարիներ առաջ պատրաստվում էինք համերգի, Բեթհովենի հինգերորդ դաշնամուրային կոնցերտը պետք է կատարեի։ Նվագախմբի երաժիշտներն առաջարկեցին ղեկավարել իմ սեփական համերգը: Ես մտածում էի՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ։ Եւ որոշեցի փորձել: Այդ ժամանակվանից ես պարբերաբար կանգնում եմ դիրիժորական վահանակի մոտ։
Իրականում դաշնակահարները հաջողակ են, քանի որ դաշնամուրի և նվագախմբի համար գրված բազմաթիվ գործեր կան, բայց եթե մի ստեղծագործության մեջ բացակայում է դաշնամուրը, ապա այս դեպքում ես կարող եմ դիրիժորություն անել և ապրել այդ երաժշտությունով։ Իհարկե ես ավելի շատ սիրում եմ նվագել, դա իմ կյանքն է։
- Ձեր ստեղծագործական կյանքում ելույթներ եք ունեցել աշխարհի լավագույն դահլիճներում, հանդես եք եկել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Դուք առաջին անգամ չեք համագործակցում նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ի՞նչ կասեք նվագախմբի հետ Ձեր համագործակցության մասին, ի՞նչ տպավորություններ ունեք:
- Հետաքրքիրն այն է, որ մեկ անգամ նվագախմբի հետ համագործակցում ես, իսկ տարիներ հետո տեսնում ես բոլորովին այլ նվագախումբ։ Տարիների ընթացքում նվագախմբի երաժիշտների մակարդակն աճել է, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները երաժշտությունը մատուցում են պրոֆեսիոնալ մակարդակով։
Ինձ համար միշտ հաճելի է համագործակցել երիտասարդ դիրիժորի և կատարողների հետ, քանի որ նրանք ավելի շատ էներգիա ունեն, փորձում են, ձգտում են լինել ավելի լավը, ինչը գնահատում եմ, ուստի հաճույքով համագործակցում եմ նվագախմբի հետ։
- Ձեր խիտ համերգային գրաֆիկին ժամանակ եք գտնում Հայաստան գալու, հետաքրքիր է՝ ի՞նչն է բերում Ձեզ մեր երկիր։
- Ես ապրում եմ սարերում և մեծ բավականություն եմ ստանում նաև այստեղի բնությունից։ Սիրում եմ հայկական խոհանոցն ու գինին։ Եւ առաջարկ ստանալու դեպքում միշտ պատրաստ եմ գալ Հայաստան։
- Երաժշտության մեջ հատուկ նախապատվություններ ունե՞ք։ Խոսքը կոմպոզիտորների, ժանրերի, ստեղծագործությունների մասին է։
- Դժվարանում եմ ասել, քանի որ ես բազմաթիվ կոմպոզիտորների գործեր նվագում եմ մեծ բավականությամբ, իրականում դաշնակահարների նվագացանկը մեծ է։ Ես այն տեսակի մարդկանցից եմ, որ սիրում եմ այն, ինչն այդ պահին նվագում եմ։ Եթե հետագայում կատարում եմ նույն ստեղծագործությունը, որը հաճախ է լինում, այդ պահին սկսում եմ նորից վերապրել դա։
Ինչ վերաբերում է կոմպոզիտորներին, ապա ես էմոցիոնալ մեծ կապ եմ զգում Բեթհովենի հետ։ Բնական է իմ կապը և Բեթհովեն նվագելուց շատ չեմ մտածում։ Կարելի է ասել, որ դա ինձ համար հարազատ երաժշտություն է. հայրս գերմանացի է, և Գերմանիայի մշակույթը ամուր է իմ սրտում:
- Իսկ հայկական երաժշտությանը ծանո՞թ եք: Որևէ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն երբևէ կատարե՞լ եք:
- Հայ կոմպոզիտորների գործերից երբեք չեմ նվագել, զբաղվածության պատճառով շատ ժամանակ չեմ ունենում ինքս որոշել, թե համերգների ժամանակ ինչ պետք է ներկայացնեմ։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, իհարկե ցանկություն կա և մի օր անպայման հայ կոմպոզիտորների գործերին էլ կանդրադառնամ։
- Երաժշտությունը մեծ նվիրում է պահանջում, շատ բան է վերցնում երաժիշտից։ Երբեմն չե՞ք մտածել այլ մասնագիտություն ընտրելու մասին։
- Սկզբում երաժշտությանը մոտենում էի որպես հոբբի, բայց հետո այն դարձավ իմ կյանքի կարևոր մի մասը։ Երբեք չեմ փոշմանել։ Շատ ժամանակ մտածել եմ, որ կարող եմ այլ աշխատանքով զբաղվել, բայց երբեք չեմ մտածել, որ դա կարող եմ անել երաժշտության փոխարեն։
- Լեզուները Ձեր հոբբին են։ Քանի լեզու գիտեք:
- Շատ հետաքրքիր է սովորել օտար լեզուներ, ես ուսումնասիրել եմ 30-ից ավելի լեզու, բայց տիրապետում եմ 10 լեզվի։
- Իսկ դրանց մեջ հայերենը կա՞։
- Երբ եկա Հայաստան, ինձ մոտ ցանկություն առաջացավ նաև հայերեն սովորել, սակայն դրա համար պետք է ժամանակ տրամադրել, ինչը դժվար է, քանի որ ծանրաբեռնված եմ, համերգները, չորս երեխաները բավականին մեծ ժամանակ են խլում ինձանից։ Երևի մի օր այդ ժամանակը կունենամ և հայերեն նույնպես կսովորեմ, բայց պետք է նշեմ, որ անգլերենից հայերեն մատչելի ձեռնարկներ կարծես թե չկան։
- Ձեզ անընդհատ շրջապատում են ձայները։ Չեք ուզում գոնե երբեմն լինել լռության մեջ։
- Իհարկե ուզում եմ, ես սիրում եմ լինել լռության մեջ։ Օրինակ, Հայաստանում ես ավելի հանգիստ եմ, քանի որ ձեր երկրում հիմնականում մեկ լեզվով են խոսում, իսկ ես հայերեն չեմ հասկանում և դա արդեն ինձ համար լռություն է։ Այլ երկրներում կամ օդանավակայանում ես բավականին լարված եմ լինում, որտեղ տարբեր լեզուներով են խոսում, ես հասկանում եմ և իմ ուղեղն անընդհատ աշխատում է։
Շատ ժամանակ ես հանգստության համար նախընտրում եմ այնպիսի սպորտաձևեր, որտեղ աղմուկ չկա։ Օրինակ, դահուկավազքը, լողը, քանի որ ջրի տակ ոչինչ չես լսում։