Կսահմանվեն դատավորների, դատախազների կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց և դրական եզրակացություն տրվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։
Նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն է։ Նախագծով առաջարկվում է դատավորների համար սահմանել կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ անկախ պաշտոնավարման ժամկետներից, ծննդյան տարեթվից, այն փոխկապակցելով վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են մի շարք առաջարկներ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել են քննարկումներ նաևշահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում նախագիծը վերախմբագրվել է:
Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ, ըստ էության, առաջարկվող այս մոդելը ՀՀ իրավական կենսաթոշակային քաղաքականության մեջ ժամանակին եղել է, այնուհետև փոփոխության է ենթարկվել։
«Ժամանակը ցույց տվեց, որ այս մոդելն ավելի արդյունավետ է, քան հակառակը՝ քննիչին, դատախազին սահմանափակել մինչև հստակ տարիքը պաշտոնավարելու տրամաբանությամբ։
Սա նաև հնարավորություն է տալիս համակարգ նոր մարդկանց ներգրավել, ավելի ճկուն դարձնել, ինչը ցանկացած ոլորտում էլ դրական արդյունք ունենում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա կարևորեց, որ ընդունվեց քննիչի, դատախազի 20 տարիների ընթացքում վաստակը պաշտպանելու մասով առաջարկությունը և փոփոխություն կատարվեց նաև հենց այն տրամաբանությամբ, որ մի կարգապահական դելիկտը չպետք է ստվերի 20 տարվա կատարած աշխատանքը և հիմք լինել զրկելու համար։