Քրեական հետապնդում է հարուցվել պարեկային ծառայության 3 աշխատակցի և 2 քաղաքացու նկատմամբ
Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրև քաղաքացին տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100.000 դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10.000 դրամով: Այնուհետև հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու և դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, Ա. Ա.-ին տվել է կաշառք: Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, պարեկ Ա. Ա.-ն պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու` իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ:
Իր հերթին հիշյալ քաղաքացին ճանապարհային երթևեկության ոլորտում Ա. Ա.-ի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու և հետագայում իր կողմից կատարվելիք իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար նշված պարեկին տվել է կաշառք: Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում Գ. Մ.-ն հետագայում շարունակել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելը, սակայն հայտնաբերված իրավախախտումները չեն արձանագրվել ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստացած պարեկ Ա. Ա.-ի անձնական միջնորդությամբ: Մարտի 14-ին պարեկային ծառայության աշխատակից Ա. Ա.-ն ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Ի դեպ, վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Նույն օրը ձերբակալվել է նաև պարեկին կաշառք տված քաղաքացի Գ. Մ.-ն, որին մարտի 15-ին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցը՝ կալանք: Մարտի 16-ին Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Կաշառքի միջնորդություն և պաշտոնեական կեղծիք կատարած մյուս պարեկների, ինչպես նաև կաշառք տված ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան