ԳԱԱ-ում նշել են ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը
Ս.թ. մարտի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է նշանավոր գիտնական, հասարակական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։
«Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ ղեկավար կազմը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի զավակները, թոռները, գործընկերներն ու աշակերտները:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշել է. «Լրացավ մեր ժամանակների ականավոր գիտնական, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառում մի շարք գիտական նոր ուղղությունների ստեղծող, մեխանիկայի հայկական գիտական դպրոցի հիմնադիրներից մեկի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100 ամյակը»:
Սերգեյ Համբարձումյանը ծնվել է Ալեքսանդրոպոլում, իրավաբանի ընտանիքում։ 1942 թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մեխանիկայի ֆակուլտետը և նշանակվել դասախոսական աշխատանքի նույն ինստիտուտում։ 1952 թ-ին Մոսկվայում՝ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում, նա պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, 1953 թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 1956 թ-ին ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1965 թ-ին ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Սերգեյ Համբարձումյանի ակտիվ մասնակցությամբ 1955 թ-ին հիմնադրվում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտը, որի տնօրենն էր նա 1959-71 թթ-ին։
Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավեցին համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ նախադրյալ հանդիսանալով այդ տարիներին նոր ձևավորվող մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար։
Սերգեյ Համբարձումյանի գործունեությունն ուղեկցվել է գիտական և մանկավարժական բարձրորակ կադրերի մի քանի սերունդների աճեցմամբ։ Լինելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր և Գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ՝ նա էապես նպաստել է նաև հայագիտության զարգացմանը։
Սերգեյ Համբարձումյանն Աստղագիտության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Միջազգային ճարտարագիտության ակադեմիայի պատվավոր անդամ, Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի (ԱՄՆ) իսկական անդամ, Հայաստանի փիլիսոփայության ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսատանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի նախագահության անդամ, Սլովակիայի Գիտությունների ակադեմիայի մեխանիկների միության պատվավոր անդամ, Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Հայաստանի Հանրապետության մեխանիկների միության հիմնադիրը և պատվավոր նախագահը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի «Զեկույցներ» ամսագրի խմբագիրը, գիտական և մասնագիտական մի շարք խորհուրդների անդամ։ Նա եղել է Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի անդամ։
Գիտության ականավոր գործիչ Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ», «Սուրբ Մեսրոպ» և «Սուրբ Սահակ», Լենինի «Աշխատանքային կարմիր դրոշի», Յան Կոմենսկու «Հոկտեմբերյան հեղափոխության», «Պատվո նշան», ՌԴ և ՀՀ ժողովուրդների «Բարեկամություն» շքանշաններով և մեդալներով։ Գիտության և կրթության ասպարեզներում ունեցած ակնառու ծառայությունների համար նա պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի մեդալով և միջազգային ճարտարագիտական ակադեմիայի «Մեծ արծաթե մեդալով և մրցանակով», Մոնպելյեի համալսարանի «Ոսկե մեդալով»։ Նա Մոնպելյեի (1986 թ.), Գյումրու (1997 թ.) և Երևանի (2012 թ.) պատվավոր քաղաքացի էր։
Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մարտի 18-ին՝ Հայ-ռուսական համալսարանում: Ժամը 14:00-ին ՀՌՀ նորակառույց մասնաշենքում տեղի կունենա ՀՌՀ գրադարանը Սերգեյ Համբարձումյանի անվամբ կոչելու արարողությունը: ՀՌՀ գրադարանում` ժամը 14:15-ին, կանցկացվի Սերգեյ Համբարձումյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացումը, ժամը 14:30-ին՝ Սերգեյ Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը, ժամը 14:45-ին՝ Գագիկ Սարգսյանի «ГОРДЫЙ АРМЯНИН 21 ВЕКА» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Սերգեյ Համբարձումյանի կյանքին և գործունեությանը»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան