Օրինականությունն իր կերպարով քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է. Փաշինյան
«Նախագծով նախատեսվում է ՀՀ Ոստիկանության հատկացումներն ավելացնել 2 մլրդ 35 մլն դրամով»,-կառավարության նիստում հայտնեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեից միջոցների հերթական վերաբաշխման նախագիծը:
Ոստիկանապետը պարզաբանեց, որ բյուջեի ընդունման ժամանակ այս ծրագիրը հտակեցված չէր, այդ պատճառով էլ բյուջեում չի ընդգրկվել:
Վահե Ղազարյանի խոսքով՝ 289 մլն դրամ հատկացվելու է Լոռու և Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով, իսկ 67 մլն դրամն էլ կտրամադրվի այդ մեքենաների կահավորմանը:
Նա հայտնեց, որ 1 մլրդ 670 մլն դրամն էլ վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակին է ուղղվելու:
Ըստ ոստիկանապետի՝ նախագծի ընդունման դեպքում կփոխվի նաև ավտոմոբիլների մատակարարմանա վերջնաժամկետը՝ 2021 վականի մարտի 1-ի փոխերն կսահմանվի համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ 20-րդ օրը:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ապրիլ ամսից կմեկնարկի պարեկային ծառայությունը նաև Շիրակի և Լոռու մարզերում:
«Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է և մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»,-հայտարարեց Փաշինյանը և, կոչ անելով կանանց ակտիվ ներգրավվել պարեկային ծառայությանը, հավելեց. «Պատկերացնում եք հատկապես մարզերում կին ոստիկանների, պարեկների ծառայությունը ինչպիսի զգոնացնող դերակատարություն կունենա, այսինքն՝ այն միջավայրի, պատկերացումների էական փոփոխություն է և, թույլ տվեք ասել, օրինականության մասին պատկերացումների էական փոփոխություններ է, որովհետև եթե մենք խոսում ենք ժողովրդավարական հասարակարգերի մասին՝ օրինականությունն իր կերպարով և իմիջով ոչ այնքնա հարկադրանքի, որքան հանրային պայմանավորվածության և քաղաքացիական պայմանագրի արտահայտություն է»: