«Մեր գումարները հափշտակեցին, լավ էլ կարողացան մարսել». «Դավինչի» տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացի
«Դավինչի» տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները հավաքվել են կառավարության դիմաց։ Քաղաքացիները պատմեցին, որ 2021 թ. ամռանը հանգստյան նպատակով ընկերության հաշվեհամարին գումարներ էին փոխանցել՝ հանգիստը կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում։ Դեպքեր են եղել, որ նույնսիկ հասել են տվյալ երկիր ու հենց տեղում իմացել, որ իրենց անունով հյուրանոցային համար ամրագրված չէ։
«2021 թվականի օգոստոսին «Դավինչի» տուրիստական ընկերությունից ձեռք էինք բերել ավիատոմսեր, տուր փաթեթ Հունաստանում հանգիստն անցկացնելու համար։ Գնալուց 2 օր առաջ զանգել էինք հյուրանոց՝ ճշտելու՝ մեր անուններով ամրագրված համար կա՞։ Մեզ փոխանցեցին, որ ամրագրում եղել է, սակայն երկու օր առաջ չեղարկվել է»,- պատմեց տուժած քաղաքացին։
Նրանց ներկայացմամբ, շուրջ 170 հոգի տուժող է ճանաչվել այս ընկերության կողմից խոշոր չափի գումար հափշտակման քրեական գործի շրջանակներում, սակայն անցել է 8 ամիս, որևէ արդյունք չկա, գործը մտել է փակուղի։
«Մեզ հարցաքննել են, սակայն առերեսում չի եղել ընկերության տնօրենի, աշխատակիցների հետ։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է 170 հոգուց խաբեությամբ գումար հափշտակող անձն այսօր գտնվի ազատության մեջ։ Որևէ հույս չկա, որ մեր գումարները կփոխհատուցեն»,- նշեց քաղաքացին։
Տուժած քաղաքացիները ցանկանում են դիմում հանձնել Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին ու քննչական կոմիտեի նախագահին՝ ներկայացնելով իրենց խնդիրները և խնդրելով անձնական հսկողություն այս քրեական գործի նկատմամբ, հանցագործը կրի պատասխանատվություն։
««Դավինչի» տուրիստական ընկերության տնօրեն Գրիգոր Սարգսյանը, ով այս պահին ազատության մեջ է, իր կնոջ անունով նոր տուրիստական ընկերություն է բացել ու շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը, քանի որ քրեական գործն անուշադրության է մատնված»,- ասաց քաղաքացին։
Մեկ այլ տուժողի խոսքով, քննչական որևէ գործողություն չի իրականացվում ու, փաստորեն, ստացվել է՝ «մեր գումարները հափշտակեցին, լավ էլ կարողացան մարսել մարդիկ»։
«Կասկածներ ունենք, որ հենց լավ էլ վերևից հովանավորում են, որ կարողանում են ազատության մեջ լինել»,- ասաց տուժած քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա