Ակցիա ԱԳՆ դիմաց. «Եկել ենք Արաբաթին հիշեցնելու, որ ինքը որևէ բարոյական իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից»
Արտաքին գործերի նախարարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում դաշնակցական, ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։
«Մենք այստեղ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու թրքահպատակ, թրքահաճո, թուրքադրբեջանական շահերը սպասարկող իշխանությունների դեմ։ Մենք եկել ենք Արաբաթին հիշեցնելու, ասելու, որ ինքը որևէ բարոյական իրավունք չունի խոսել հայ ժողովրդի, հայ հասարակության անունից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ պետք է լինել միասնական, հանրային ճնշում գործադրել այս իշխանությունների վրա՝ թույլ չտալով, որ այս իշխանությունները ծառայեն թշնամուն, հակառակ դեպքում այս ամենի հետևանքը լինելու է Հայաստան պետության չգոյությունը։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են ցուցանակներ, որոնց վրա պատկերված են լուսանկարներ հայաստանցի, թուրք ու ադրբեջանցի պաշտոնյանների հանդիպումներից։ Դրանց ներքո գրված է. «Գտիր թուրքին»։
Նշենք, որ ԱԳ նախարարության դիմաց մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք պատ կազմած փակել են նախարարության մուտքը։
«Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու ենք կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի»,-ավելի վաղ նման հաղորդագրություն էին տարածել ակցիայի կազմակերպիչները։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի անունից. Պատրաստ ենք առանց նախապայմանների բանակցությունների
- Արարատ Միրզոյանի այցն Անթալիա նպաստեց թուրքական PR ծրագրին. Ռուբեն Մելքոնյան
- Թուրքական հեռուստաալիքը Միրզոյանի անունը միտումնավոր սխալ է ներկայացրել
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն