«Ամերիաբանկ»-ն առանց պատշաճ ծանուցման բարձրացրել է դոլարի կանխիկացման միջնորդավճարը՝ հասցնելով 3 տոկոսի
«Ամերիաբանկ»-ը վեց անգամ ավելացրել է արտարժույթի կանխիկացման դեպքում գանձվող միջնորդավճարի գումարը։ Նախկինում արտարժույթի կանխիկացման համար գանձվում էր 0.5 տոկոս միջնորդավճար, հիմա՝ 3 տոկոս։
Օրեր առաջ խմբագրությանը դիմած քաղաքացին հայտնեց՝ «Ամերիաբանկ»-ի հաճախորդ է, դոլարային հաշվից կանխիկացում կատարելիս նկատել է, որ ավելի շատ գումար է գանձվել, քան նախկինում։ Բանկից հաճախորդին պարզաբանել են, որ միջնորդավճարը կրկնապատկվել է՝ դառնալով 1 տոկոս։
Մինչ խմբագրությունը փորձում էր բանկից պարզել արդյոք քաղաքացու հաղորդած տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, միջնորդավճարը բարձացավ ևս 3 անգամ՝ հասնելով արդեն 3 տոկոսի։
Panorama.am-ը մարտի 11-ին հարցում էր ուղարկել «Ամերիաբանկ»-ին՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի.
1. Արդյոք բանկը բարձրացրե՞լ է արտարժույթի կանխիկացման միջնորդավճարը։
2. Եթե այո` բարձրացել է, ինչո՞ւ լայն իրազեկում չի իրականացվել ու բանկի հաճախորդներին չի տեղեկացվել այդ մասին։
3. Կանխիկացման միջնորդավճարի բարձրացումը ո՞ր արժույթներին է վերաբերում։
4. Եթե այո՝ բարձրացել է, ինչո՞ւ է որոշվել նման փոփոխության գնալ հիմա, երբ ռուս-ուկրաինական պատերազմով ու դրան հետևած պատժամիջոցներով պայմանավորված անկայուն վիճակում են հայտնվել արժույթները, գները, բանկային համակարգը նաև Հայաստանում։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում «Ամերիաբանկ»-ից Panorama.am-ը հարցերի վերաբերյալ որևէ պատասխան, արձագանք չստացավ։
«Ամերիաբանկ»-ի պաշտոնական էջում հրապարակված (010) 56 11 11 հեռախոսահամարին ուղղված զանգին պատասխանած աշխատակիցն ասաց՝ այս պահին դոլարի կանխիկացման միջնորդավճարը կազմում է 3 տոկոս, նվազագույնը 1000 դրամ։
Դիտարկմանը, որ հաճախորդները միջնորդավճարի բարձրացման վերաբերյալ ծանուցում չեն ստացել, բանկի աշխատակիցը պատասխանեց. «Առանձին չենք ծանուցել հաճախորդներին, քանի որ ֆորսմաժորային իրավիճակում բանկն իրավասություն ունի փոփոխություն իրականացնել։ Կայքում կա»։
«Ամերիբանկ» ՓԲԸ-ի կայքում իսկապես միջնորդավճարի նոր չափի մասին տեղեկատվություն գտանք, բայց աշխատակցի օգնությամբ։ Այսինքն, տեղեկատվությունը հրապարակված չէ տեսանելի հատվածում։
Հղման մեջ նշվում է, որ փոփոխությունն ուժի մեջ է 11.03.2022 թ-ից, սակայն բանկից ասացին, որ 3 տոկոս միջնորդավճարը գործում է մարտի 4-ից։
Թե ինչով է պայմանավորված միջնորդավճարի նման չափով բարձրացումը, հայտնի ու հրապարակված չէ, գուցե այս նյութից հետո բանկից հրապարակեն ու հիմնավորեն պատճառները։